15:10 | 17.03.20 | Նորություններ | 1413

Հաստատությունների ղեկավարներն եւ դասավանդողները կծանոթանան առցանց ուսուցմանը

Հեռավար ուսուցման ազգային զանցը կազմակերպում է «Էլեկտրոնային ուսուցման ներածություն» առցանց դասընթաց՝ նախատեսված մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատությունների ներկայացուցիչների համար:

Դասընթացի նպատակն է այդ հաստատությունների ղեկավարներին եւ դասավանդողներին ծանոթացնել առցանց ուսուցմանը: Այն կարող է նաեւ ուղեցույց դառնալ՝ աշխատանքային միջավայրում կիրառելու նպատակով:


Առցանց դասընթացը կենտրոնանում է էլեկտրոնային ուսուցման լուծումների վրա, որոնք կարող են կիրառվել մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում՝ օգտագործելով առկա տեխնոլոգիական հնարավորությունները: Այն մշակված է ԳՄՀԸ-ի կողմից իրականացված eAST (էլ. ուսուցման կիրառման հմտությունների փոխանցում) Կենտրոնական Ասիայում եւ eLDI (էլ. ուսուցման զարգացում եւ իրականացում) Հարավկովկասյան տարածաշրջանում ծրագրերի մոդուլների հիման վրա:

Դասընթացը կներկայացնի որոշ կրթական կազմակերպությունների կողմից էլ.ուսուցման իրականացման փորձը՝ նպաստելով էլեկտրոնային ուսուցման գործընթաց սկսելու վերաբերյալ որոշումների կայացմանը:

Առցանց դասընթացը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:

Դասընթացին մասնակցությունն անվճար է եւ նախատեսված ինքնուրույն ուսուցման համար: