11:28 | 13.03.20 | Նորություններ | 1951

    ԱրմՀայԹեք զենքի եւ սպառազինության ցուցահանդեսը կհետաձգվի մինչեւ աշուն

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչեւ 2020թ. հոկտեմբեր՝ պայմանավորված վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման ռիսկերով ու վտանգներով:

    Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:


    «Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային եւ կարեւոր միջոցառումների պարագայում »,- ասված է նախարարությունների պաշտոնական հաղորդագրության մեջ:

    Հիշեցնենք, որ ԱրմՀայԹեք 2020 սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը նախատեսված էր անցկացնել մարտի 26-28-ին: Երրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսը միավորելու էր 20 երկրի ռազմարդյունաբերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող 100-ից ավելի միջազգային ընկերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ ոլորտի ներկայացուցիչների: