10:57 | 28.02.20 | Նորություններ | 6600
Մայիսի 1-10-ը հայկական մի շարք ստարտափներ Լոս Անջելեսում եւ Սիլիկոնյան Հովտում կմասնակցեն HyeTech Entrepreneur Immersion Program 2020 (HyeTech EIP) ծրագրին:
Հայկական ստարտափների հիմնադիրները հնարավորություն կունենան 10 օրերի ընթացքում ծանոթանալ ոլորտի ամենաարդիական եւ օգտակար նորամուծություններին, Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու միտումներին։
Թիմերի համար ծրագրին մասնակցելու պահանջներից է մինչ օրս $500 հազ.-ից պակաս ներդրում ստացած լինելը։ Դիմում հայտը հասանելի է այստեղ՝ մինչեւ մարտի 15-ը:
HyeTech EIP-ի նպատակն է օգնել ձեռներեցներին ներգրավվել Սիլիկոնյան հովտում եւ ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ, բացահայտել ՏՏ ոլորտի ազդեցիկ մասնագետներին եւ գործարար առաջնորդներին, ինչպես նաեւ մրցակիցներին, գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին:
Ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2016թ. ապրիլին, իսկ երկրորդը՝ 2019թ. փետրվարի 15-24-ը:
Կազմակերպիչների խոսքով, վերջին տարիներին Հայաստանում ստարտափների թվի աննախադեպ աճը պատճառ դարձավ, որպեսզի HyeTech-ը, SmartGateVC-ն եւ Globally-ն համատեղ նորից իրականացնեն ծրագիրը:
Ծրագրով նախատեսված են Սիլիկոնյան հովտում եւ Լոս Անջելեսում հանդիպումներ հաջողակ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ: Մասնակիցները կարող են դեմ առ դեմ խորհրդատվություն ստանալ եւ բիզնեսի ոլորտում հետաքրքրող թեմաներ քննարկել:
Ընտրված ստարտափների հիմնադիրները կայցելեն տարբեր աքսելերատորներ եւ ներդրող ընկերություններ, պատկերացում կկազմեն վերջիններիս ներդրումային ակնկալիքների եւ շուկայում սպասվող փոփոխությունների մասին: