11:00 | 27.02.20 | Նորություններ | 8234

    Robin ռոբոտը՝ Product Hunt հարթակի օրվա առաջատար

     

    Expper Technologies ընկերության կողմից ստեղծված Robin սոցիալական ռոբոտը Product Hunt հարթակում քվեարկության արդյունքում օրվա պրոդուկտ է ճանաչվել:

    Product Hunt-ը տեխնոլոգիական լուծումների ներկայացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս բացահայտել եւ տարածել նորանոր պրոդուկտներ: Քվեարկության ընթացքում ամենաշատ ձայներ ստացած պրոդուկտները հայտնվում են ամենօրյա թոփ ցուցակում:

    Նշենք, որ հարթակում Robin-ի օգտին քվեարկելու կոչով էր հանդես եկել նաեւ Reddit հարթակի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

    Robin-ը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ՝ մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում:

    Ռոբոտը, որը ներկայում թեստավորման փուլում է մի շարք հիվանդանոցներում, իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ օգնում է բուժում ստացող երեխաներին դուրս գալ դեպրեսիվ վիճակից եւ դառնալ առավել հաղորդակցվող, ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի աշխատանքը: