17:02 | 26.02.20 | Նորություններ | 2574
Հայաստանի պատվիրակությունն Աբու Դաբիում փետրվարի 22-23-ը մասնակցել է UMEX/SimTEX 2020 հեղինակավոր ցուցահանդես-համաժողովին՝ նվիրված պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված եւ անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանն առաջիկա տասնամյակների ընթացքում:
Էմիրությունների փոխվարչապետ, Նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանիին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված արհեստական բանականության հիմքով նավիգացիոն համակարգերը:
ԱՄԷ Մուբադալա ներդրումային ընկերության խմբի ղեկավարի տեղակալ Հոմմիդ Ալ Շիմարիի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումների, ձեռներեցության զարգացման, կրթական ծրագրերի իրականացման եւ էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններով:
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմեդ Ահմեդ ալ Բովարդիի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանին է ներկայացվել ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը: Նախարարը կարեւորել է Հայաստանի հետ Էմիրությունների գործակցությունը եւ մատնանշել հարաբերությունների խորացման եւ զարգացման անհրաժեշտությունը հատկապես ռազմաարդյունաբերական եւ պաշտպանական ոլորտներում:
Հակոբ Արշակյանը ԱՄԷ Նախարար Բովարդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու մարտի 26-28-ը անցկացվող սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին: