13:48 | 26.02.20 | Հոդվածներ | exclusive 219253

SoloLearn-ը հակածխախոտային արշավ է սկսում եւ մարտահրավեր նետում հայաստանյան ՏՏ համայնքին

Հայ-ամերիկյան SoloLearn ընկերությունը մեկնարկել է հակածխախոտային արշավ, որի շրջանակում կխրախուսի ծխելուց հրաժարվող իր աշխատակիցներին: Այս քայլով ընկերությունը մարտահրավեր է նետում տեխնոլոգիական ոլորտի մյուս ընկերություններին, առաջարկելով նույն արշավն իրականացնել նաեւ սեփական ընկերություններում:

Արդյունքում, առաջիկա 3 ամիսների ընթացքում ընկերության 4 ծխող աշխատակիցներ կփորձեն թողնել այդ սովորությունը: Այն աշխատակիցը, որին դա կհաջողվի, ընկերության կողմից կստանա մրցանակ՝ ուղեւորություն դեպի Եվրոպա: Արդյունքները կամփոփվեն մայիսի 26-ին:

Արշավի մեկնարկը տրվել է փետրվարի 25-ին՝ SoloLearn-ի գրասենյակում: Itel.am-ը ներկա է գտնվել միջոցառմանը, որի շրջանակում «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը SoloLearn-ի աշխատակիցներին ներկայացրել է ծխելու վնասները եւ դրանից հրաժարվելու տարբերակները:

Itel.am-ի հետ զրույցում SoloLearn-ի HR ղեկավար Արմինա Մխիթարյանը նշել է, որ SoloLearn-ը տարբեր արշավների միջոցով փորձում է աշխատակիցների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը:

«Մեր բոլոր աշխատակիցները որպես բոնուս ստանում են մարզասրահից օգտվելու հնարավորություն եւ առողջության ապահովագրության փաթեթ: Ընկերության 7 ծխող աշխատակիցներից 4-ը մասնակցում են հակածխախոտային այս արշավին: Ցանկանում ենք, որ մյուս ՏՏ ընկերությունները եւս միանան մեզ եւ այս մարտահրավերը փոխանցում ենք նրանց»,- նշել է Արմինա Մխիթարյանը:

Նրա խոսքով, եթե մայիսի 26-ին արդյունքներն ամփոփելիս պարզվի, որ ծխելը թողել է մեկից ավել աշխատակից, ապա լրացուցիչ մրցանակներ կսահմանվեն:

2014թ. հիմնադրված SoloLearn-ի համանուն հավելվածն այսօր ունի 17 մլն օգտատեր, որոնց մեծ մասը ներկայացնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Արեւմտյան Եվրոպան եւ Ռուսաստանը: Հավելվածով կարելի է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS եւ ծրագրավորման այլ լեզուներ:Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում:

Ընկերությունն ունի գրասենյակներ Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում: Հայաստանյան թիմում 40 մասնագետ է ընդգրկված:

Նարինե Դանեղյան