17:33 | 11.02.20 | Նորություններ | 3121
Փետրվարի 13-ին եւ 14-ին՝ ժամը 11:00-ին, ՀԲԸՄ գրասենյակում տեղի կունենա Դրեյփեր համալսարանում պետական կրթաթոշակով սովորելու համար դիմած եւ նախնական փուլն անցած մասնակիցների հարցազրույցի եւ արդյունքների ամփոփման միջոցառումները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնված կրթական ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից, հնարավորություն կտա 15 հայ ձեռներեցի այս տարի ԱՄՆ-ում գործող Դրեյփերի համալսարանում մասնակցել 7 շաբաթ տեւողությամբ ծրագրի:
Ծրագիրն այս տարի կանցկացվի 3 անգամ՝ գարնանը, ամռանն ու աշնանը: Յուրաքանչյոււր շրջափուլի համար կընտրվի 5 ձեռներեց: Ամառային եւ աշնանային սեսիաների հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի առաջիկայում:
Նշենք, որ Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, որը ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ է անցկացնում: Համալսարանում դասախոսներն իրական կյանքում թրծված ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց պոտենցիալ ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարտափի ներկայացմանը։ Համալսարանը 77 երկրից ուսանող ունի: