11:35 | 31.01.20 | Նորություններ | 2256

ՀՀ նախագահ. Ճապոնական ընկերությունների հետ հանդիպումները փոխգործակցության ընդլայնման լավ հիմք են

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային:

Դեսպանը Ճապոնիայի կառավարության անունից երախտագիտություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անցյալ տարի հոկտեմբերին իր երկիր այցելելու եւ Տոկիոյում Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը մասնակցելու համար: Նա նշել է, որ Տոկիոյում տեղի ունեցած հանդիպումները նոր խթան են երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանն իր հերթին ասել է, որ հրաշալի հիշողություններ եւ տպավորություններ ունի Ճապոնիա այցից եւ կայսր Նարուհիթոյի գահակալության պատմական իրադարձությունից:

Արդյունավետ գնահատելով իր հանդիպումները Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ճապոնական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ դրանք լավ հիմք են ստեղծում փոխգործակցության ընդլայնման համար:

Նշելով, որ օրեր առաջ Դավոսում եւս մեկ հանդիպում է ունեցել Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահի հետ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ նրան եւ իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ շարունակելու փոխգործակցության հեռանկարների քննարկումն ու համատեղ ծրագրերի մշակումը բարձր տեխնոլոգիաների, հատկապես արհեստական բանականության, մեծ տվյալների հոսքերի կառավարման ոլորտներում՝ նախագահական АТОМ (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Անդրադարձ է կատարվել նաեւ միջուկային անվտանգության ու կարգավորումների, այդ թվում՝ միջուկային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: