14:38 | 23.01.20 | Նորություններ | 3495

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արմաթ»-ի շուրջ զարգացումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է «Արմաթ» լաբորատորիաների շուրջ բուռն քննարկումներին:

«Մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, եւ ինչպես: Կառավարության նիստում հանձնարարել եմ, որ մենք սրանից հետո պետք է խուսափենք մեկ անձից գնումներից:

Վերլուծությունների արդյունքում պետք է ձեւակերպենք տեխնիկական առաջադրանք եւ սրանից հետո «Արմաթ»-ի ֆինանսավորումն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք հայտարարենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ եւ հրավիրում ենք մրցույթի տարբեր կազմակերպությունների, եւ այն կառույցը, որը կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը, կհաղթի: Ընդ որում՝ հնարավոր է, որ լոտեր ունենանք եւ ըստ այդ լոտերի առաջնորդվենք»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ մեկնարկելով 2014թ., «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը պետական բյուջեից 2014-2017թ. ստացել է 188 մլն դրամ ֆինանսավորում: 2018 եւ 2019թ. ծրագիրը պետական բյուջեից 1 մլրդ 296 մլն դրամ ֆինանսավորում է ստացել:

«Այսինքն՝ մենք միլիարդից ավելի ենք ծախսել մեկ ու կես տարվա ընթացքում, իսկ նախորդ 3 տարվա ընթացքում պետական բյուջեից 188 մլն է ծախսվել: Այդ վիճակագրությունն արդեն ամեն ինչ ցույց է տալիս, եւ ես չեմ հասկանում՝ այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք խոչընդոտում ենք «Արմաթ» լաբորատորիաների առաջընթացին»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: