14:02 | 22.01.20 | Նորություններ | 17181

Beeline-ի աջակցությամբ Գավառում մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը

Հայաստանում Beeline-ի եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համագործակցությամբ Գավառ քաղաքում մեկնարկեց «Ստարտափ Ակումբ» նախագիծը։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները եւ նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում եւ այսուհետ նաեւ Գավառում։

Գավառի «Ստարտափ Ակումբ» են հաճախում բիզնես հմտությունները եւ ստարտափ գիտելիքները զարգացնել ցանկացող 13-17 տարեկան շուրջ 37 պատանիներ։

Ծրագիրը կազմված է երեք փուլից, որոնք կենտրոնանում են համապատասխանաբար անձնական զարգացման, դիզայն մտածողության եւ բիզնես մոդելների ստեղծման վրա։ Պատանիները նաեւ ծանոթանում են ստարտափ էկոհամակարգի առանձնահատկություններին, ֆինանսական գրագիտության, բիզնես հաղորդակցման եւ ստեղծարարության հիմունքներին, խմբեր կազմում եւ մարզիչների աջակցությամբ զարգացնում իրենց ստարտափ գաղափարները:

«Գավառը առաջին համայնքներից էր, որտեղ մենք ծրագրել էինք Ստարտափ Ակումբ հիմնել, այն կնպաստի մարզաբնակ երիտասարդների ստարտափ էկոհամակարգում ակտիվ ներգրավվածությանը եւ կբարձրացնի նրանց սոցիալական իրազեկվածության մակարդակը։ Մենք աշխատանքներ կտանենք նաեւ Գավառի հարակից շրջանների դեռահասներին ծրագրում ներգրավելու ուղղությամբ, որովհետեւ այս համայնքների պատանիների շրջանում մեր ծրագրի հանդեպ հետաքրքրությունը համեմատաբար ավելի մեծ է»,- նշել է ծրագրի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։

«Մենք ստարտափների աջակցությանն ուղղությամբ հատուկ ռազմավարություն ենք վարում, եւ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում այս ոլորտում: Այս ծրագիրն այդ ռազմավարության կարեւոր մաս է՝ այսպիսով մենք նախապատրաստում ենք մեր երիտասարդ սերնդի ներուժը՝ ապագայում բիզնես սկսելու եւ հաջողությունների հասնելու համար: Ուրախ եմ, որ Գավառում էլ մեր երիտասարդները ժամանակակից բիզնես գիտելիքներ կստանան»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ը հանդես է գալիս որպես նախաձեռնության ռազմավարական գործընկեր: