Հայաստանում ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատում է կապի եւ ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հետ (NASDAQ եւ Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս քննարկումներ վարելու փաստը:
Այդ քննարկումները կարող են հանգեցնել կամ չհանգեցնել գործարքի կնքմանը:
«Քանի որ շարժական կապի համաշխարհային շուկան փոխակերպվում է ձայնային ծառայություններից դեպի տվյալների փոխանցման ծառայություններ առաջարկող ընկերությունների, իսկ հայկական շարժական կապի շուկան բացառություն չէ համաշխարհային միտումներից, Ucom-ը շարունակաբար վերափոխվում է թվային ընկերության՝ նպատակ ունենալով մատուցել ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ իր ցանցի ծածկույթն ու որակն առավելագույնի հասցնելու միջոցով: Ակնկալվում է, որ հնարավոր գործարքը կհանգեցնի ավելի հաճախորդամետ առաջարկների մշակմանն ու ընկերության բարելավված ենթակառուցվածքի։ Առաջարկվող գործարքից բխող սիներգիան թույլ կտա Ucom-ին ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների եւ ցանցի հզորացման ուղղությամբ, մշակել ավելի լավ կոնվերգենտ առաջարկներ եւ գերազանցել շուկայի ակնկալիքները՝ հաճախորդներին մատուցելով ֆիքսված եւ շարժական կապի բարձրորակ ծառայություններ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ucom-ում նշել են, որ կտեղեկացնեն հետագա զարգացումների վերաբերյալ՝ համաձայն Հայաստանում ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների: