11:38 | 16.12.19 | Նորություններ | 7306
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։
Երկարաժամկետ գործընկերության շնորհիվ, այս անգամ բնակարանամուտ են նշել Տավուշի մարզի Դովեղ գյուղում բնակվող Կիրակոսյանները: Այս ընտանիքը ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Հայրական տան` անբավարար տարածքի պատճառով, Կորյունն ամուսնությունից հետո իր ընտանիքով ապրել է նկուղային, կիսաքանդ, որոշակի հատվածով հողի մեջ գտնվող շինության մեջ։ Ութ տարվա դժվար կենցաղից հետո, խոնավ եւ մութ պատերից ազատվելու հույսով՝ Կորյունը գնել է կիսակառույց, սակայն շինարարությունն ավարտել այդպես էլ չի կարողացել։
Ընթացիկ տարվա գարնանը, Կիրակոսյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող՝ բնակարանաշինության ծրագրում: Մի քանի ամիս տեւած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքը հյուրընկալել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին եւ թիմերին՝ միասին նշելու բնակարանամուտի ուրախությունը։
«Կյանքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք փակուղային են թվում եւ միշտ չէ, որ հեշտ են հաղթահարվում: Երբ մարդն ամբողջությամբ տրվում է այդ վիճակին՝ կորցնում է լուծում գտնելու ցանկությունն ու ճանապարհը: Դա էլ տանում է հուսահատության. մինչդեռ պետք է միշտ հիշել, որ երբ ամպերը ցրվեն՝ արեւ է լինելու: Մենք շատ ենք առնչվել երկար տարիներ կոտրված հոգեբանությամբ ապրած ընտանիքների հետ: Ձգտել ենք այս ծրագրի միջոցով նրանց վերադարձնել ինքնավստահությունն ու արժանապատիվ կերպով խնդիրը հաղթահարելու կամքը: Կարող եմ վստահաբար ասել, որ դա մեզ հաջողվել է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սահմանապահ համայնքներում այս ծրագրով լուծվում է միանգամից մի քանի խնդիր. հարմարավետ պայմաններով ապահովվելով՝ ընտանիքները մնում եւ արարում են հայրենի հողում, պահում են սահմանը, շենացնում ու զարգացնում համայնքը։ Այս ընտանիքի դժվարություններն արդեն անցյալում են։ Այժմ պետք է միայն առաջ շարժվել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Տարիների համագործակցության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Տավուշի մարզում կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 50 տուն: