11:49 | 12.12.19 | Նորություններ | 2095

Ծաղկաձորում կկայանա «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը

Դեկտեմբերի 13-ից 14-ը Ծաղկաձորում կանցկացվի «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» խորագիրը կրող 2-րդ համաժողովը, որի նպատակն է գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջեւ ստեղծել համագործակցության հնարավորություններ:

Համաժողովը, որը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ, արդյունավետ հարթակ է գիտնականների եւ հետազոտողների համար՝ աշխատանքային նոր կապերի հաստատման եւ հետագա համագործակցության եզրերի ձեւավորման տեսանկյունից։

Համաժողովի նպատակն է քննարկել «Պլաստիկի եւ նյութագիտության տեխնոլոգիաների», «Տվյալագիտության», «Էլեկտրոնիկայի», «Մոլեկուլային կենսաբանության» ոլորտներում առկա խնդիրներն ու նշված ոլորտներում արձանագրված վերջին զարգացումները, ինչպես նաեւ գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջեւ սահմանել համագործակցության հնարավորություններ։

Համաժողովի երկու օրերի ընթացքում Հայաստանում գործող Ինժեներական, Բարձր տեխնոլոգիական եւ ՏՏ ոլորտի ընկերությունների ու տարբեր գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ավելի լավ պատկերացում կազմել միմյանց գործունեության մասին, ինչը կդառնա կարեւոր խթան՝ տնտեսական զարգացման տեսլականը գիտահետազոտական ծրագրերով համալրելու ճանապարհին։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, համաժողովի նպատակը տարատեսակ գործիքների եւ մեխանիզմների միջոցով Հայաստանի հետազոտական ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանն աջակցելն է:

«Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, Հայաստանի գիտական համայնքի համար կարող է դառնալ արդյունավետ հարթակ՝ քննարկելու նոր համաշխարհային միտումները եւ այդ համատեքստում Հայաստանի՝ մասնավորապես տեղական հետազոտական եւ տեխնոլոգիական ընկերությունների դերը,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

Համաժողովի շրջանակում նախատեսվում է ունենալ հագեցած օրակարգ: Առաջին օրն աչքի կընկնի Պլաստիկի եւ նյութագիտության տեխնոլոգիաների, Տվյալագիտության, Էլեկտրոնիկայի, Մոլեկուլային կենսաբանության ոլորտների մասնագետների մասնակցությամբ ընդհանուր քննարկումներով, որոնց ընթացքում կխոսվի ոլորտային մարտահրավերների եւ միտումների մասին:

Համաժողովի երկրորդ օրը կանցկացվեն թեմատիկ աշխատաժողովներ՝ գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Հայաստանում գործող ինժեներական, բարձր տեխնոլոգիական եւ ՏՏ ոլորտի ընկերությունների մասնակցությամբ:

Հավելենք, որ համաժողովի շրջանակում նախատեսվում է նաեւ հավաստագրեր հանձնել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից 2019թ.-ին իրականացված գիտահետազոտական ոլորտի խթանմանն ուղղված որոշ ծրագրերի հաղթողներին: