12:38 | 26.11.19 | Նորություններ | 2129

Տավուշի մարզում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը

Նոյեմբերի 23-ին Տավուշի մարզում բացվել է էլեկտրոմոբիլների լիցքավորման առաջին կայանը։

Առաջին կես տարում բոլորը ցանկացողները կարող են անվճար լիցքավորել իրենց էլեկտրական մեքենաները Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) լիցքավորման կայաններում:

Տավուշի մարզպետարանում նշել են, որ ամիսներ առաջ մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում էր ունեցել Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում համայնքի ներկայացուցիչները ներկայացրել էին «Ecocars» էլեկտրատրանսպորտի զարգացման ծրագիր, որն իրագործելու են Հայաստանում եւ սկիզբը դրվել է Տավուշի մարզից։ «Ecocars»-ը Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման սոցիալական նախագիծ է:

Նախաձեռնող խումբը Դնեպրոպետրովսկի շրջանի հայ երիտասարդությունն է՝ ի դեմս Կամենսկոյե քաղաքի հայերի միության նախագահ Ռոման Չոբանյանի:

Կայանի բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության եւ տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը եւ պատվավոր այլ հյուրեր:

«Այսօր մենք Տավուշի մարզում բացում ենք առաջին էլեկտրական լցակայանը։ Մեզ համար դա շատ կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվելու, սպառողական մոտեցումից անցնելու արտադրողական մոտեցման։ Շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին, հատկապես Ուկրաինայի հայ համայնքին եւ շնորհավորում եմ իրենց մուտքը մեր կյանք, մեր մարզի տնտեսական, մշակութային կյանք»,- ասաց Հայկ Չոբանյանը։

Ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների կողմից էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող եւ էներգոանկախ պետության ձեւավորմանը եւ հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը: