17:03 | 22.11.19 | Նորություններ | 2806

ՀՊՏՀ-ում 2020թ. կմեկնարկի «ՏՏ-ն բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը

Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանը 2020թ. կմեկնարկի մագիստրոսական նոր ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»։

Նոյեմբերի 22-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանը, «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն ու «Արփինետ» ընկերությունը։ Այս եռակողմ համագործակցությունն ուղղված է կրթության որակի եւ գիտության զարգացմանը։

Մագիստրոսական դասընթացը կմեկնարկի 2020-ի սեպտեմբերին։ Ուսանողները կմասնակցեն տեղական եւ միջազգային համաժողովների, թրեյնինգների, կլինեն հանդիպումներ եւ կարճ դասընթացներ տեխնոլոգիական ու ինտերնետ կառավարման ոլորտի ընկերությունների ղեկավարների եւ մասնագետների հետ։

«Տեսական գիտելիքներից անմիջապես հետո ուսանողները գործնական հմտություններով կամրապնդեն սովորածը։ Մեզ համար կարեւոր է, որ անմիջական շփում կա բուհի եւ գործատուի միջեւ։ Այս նախաձեռնության հեղինակները մասնակցելու են ուսումնական պլանների մշակմանը, այսինքն՝ կկարողանանք բացահայտել շուկայի պահանջարկը։ Մենք դուրս կգանք հնացած մոտեցումից, ուսանողին միանգամից կտանք այնպիսի գիտելիք, որը կիրառելի լինի իր հետագա աշխատանքում»,- նշել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

«Բացի տեսական գիտելիքից, հնարավորություն կտանք պրակտիկա անցնել առաջատար IT ընկերություններում: Իրենց փորձով կկիսվեն ոչ միայն Հայաստանից լավագույն մասնագետներ, այլեւ հրավիրյալ մասնագետներ արտերկրից, ովքեր աշխատում են IT լավագույն ընկերություններում: Ես լիահույս եմ, որ մեր ծրագիրը դառնալու է մի յուրօրինակ մոդել, նոր շունչ է տալու կրթության որակին, երիտասարդներին ներշնչելու է ինքնավստահության եւ մրցունակ լինելու հավակնոտություն, իսկ գործատուն վստահորեն աշխատանքի է ընդունելու առանց փորձառության, բայց խոստումնալից երիտասարդ դեմքերին»,- ասել է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանը:

«Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը վստահություն է հայտնել, որ ծրագիրը պետք է համապատասխանի արդի պահանջներին, ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիք եւ տիրապետի ժամանակակից տեխնոլոգիաներին.

«Որպես գործատու հաճախ անհնար է լինում գտնել երիտասարդ պատրաստված կադրերի։ Նորավարտ մասնագետին աշխատանքի ընդունելուց հետո պահանջվում է առնվազն վեց ամիս արդյունք ստանալու համար: Որպեսզի ավարտող ուսանողը լինի ավելի պատրաստ աշխատաշուկայում իր ուրույն տեղը գտնելու, մենք ամբողջովին կաջակցենք ուսանողներին։ Արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ ICANN, ISOC ընկերությունների հետ: Միջազգային պրոֆեսիոնալներն իրենց փորձով կկիսվեն մեր ուսանողների հետ»։

ՀՊՏՀ Տնտեսական ինֆորմատիկայի եւ տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը մեկուկես տարի կտեւի, 3-րդ կիսամյակում ուսանողները կգրեն մագիստրոսական թեզեր, որոնց թեմաները եւս կհամաձայնեցվեն հրավիրյալ դասախոսների եւ գործատուների հետ: