11:32 | 21.11.19 | Նորություններ | 8673
Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում, մինչեւ տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի:
Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համայնքի պատասխանատուներն ու ծառատունկին մասնակցող բնակիչները ոգեւորված են. ակնկալում են ցանկալի արդյունք, քանի որ նույն տարածքում՝ նախորդ տարվա ծառատունկը հաջող ընթացք է ունեցել:
Միայն 2018թ.-ին տնկվել է շուրջ 5 000 տնկի՝ գրեթե 85% կպչողականության ցուցանիշով։ Լավատեսության հիմքեր ունեն նաեւ փորձնական ծրագիրն իրականացնողները. փակ եղանակով, տարածքի սերմերից ջերմոցներում աճեցված տնկիները հետագայում հարմարվելու եւ խիստ առանձնահատուկ խնամքի կարիք չեն ունենում:
Ծառատունկն իրականացվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի իրականացմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
Կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցող Գնիշիկ բնակավայրում ծառատունկն ու շրջակա միջավայրի պահպանությունն անհրաժեշտություն են: Դրանք ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծում, այլեւ համայնքի զարգացում են ենթադրում: Կա նաեւ ծրագրի ոչ պակաս կարեւոր առանձնահատկություն. իրականացվող աշխատանքներին՝ բնակիչների ակտիվ մասնակցությունը: Համայնքի եւ վարչական տարածքի ղեկավարների կարծիքով, դա շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավության ու հետագա խնամքի ապահովման երաշխիքներից կարող է լինել:
Ծառատունկի վերջնարդյունքում, մի քանի տարի հետո, ակնկալվում է ունենալ «ուտելի անտառներ»՝ լուծելով բնապահպանական եւս մեկ խնդիր:
«Ծրագրի շրջանակներում փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաեւ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը եւ անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել՝ կենդանական աշխարհի համար։ Նախորդ տարի տնկված 5000 ծառերին, այս տարի կավելանան եւս 12 000-ը»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով, տեղադրվել են մարդկանց եւ կենդանիների համար անվտանգ՝ շարժական «էլեկտրական հովիվներ»: Ծառատունկի՝ այս տեխնոլոգիան գնահատվել եւ հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության (US Forest Service) եւ գործի գիտակ՝ Օրեգոնի անտառագիտության եւ անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեյվիսի կողմից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարեւոր եւ լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի: