17:38 | 20.11.19 | Նորություններ | 7058

Սիսայդ Ստարտափ Սամմիթը ներդրումային Ա ռաունդում $10 մլն կներգրավի

Սիսայդ Ստարտափ Սամմիթի հիմնադիր Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է սկսել ներդրումային նոր ռաունդ՝ առաջիկա 48 ամիսների համար, որի առաջին տրանշը կազմում է $2,5 մլն։

Նրա խոսքով, սա կլինի աշխարհի մասշտաբով միջոցառումների կազմակերպման ոլորտում արված ամենամեծ ներդրումներից մեկը։ Այս պահին ընկերության արժեքը գնահատվում է $35 մլն։ Դեռեւս 2 տարի առաջ ընկերությանը հաջողվեց $2 մլն արժողությամբ ներդրումային ռաունդ իրականացնել։ Այդ ժամանակ ընկերության արժեքը գնահատվել էր $6 մլն։

«Սամմիթը պարզապես հերթական ստարտափ կոնֆերանս չէ։ Այստեղ շատ կարեւոր են մարդկային հարաբերությունները եւ ոչ ֆորմալ միջավայրում դրանց զարգացման հեռանկարները։ Մենք նպատակ ունենք ստեղծել մարդակենտրոն ներդրումային պլատֆորմ, որի հիմքերը արդեն դրված են հասարակության մեջ տեղի ունեցած եւ տարբեր կերպ արտահայտված փոփոխություններով: Այս ռաունդում ստացած ներդրումը հնարավորություն կտա սամմիթներ անցկացնել աշխարհի նոր կետերում։ Մենք նպատակ ունենք տարվա մեջ 5 տարբեր երկրներում իրականացնել սամմիթներ, ինչպես նաեւ պատմության մեջ առաջին անգամ իրականացնել Սքայ Ստարտափ Սամմիթը, որի մասին շուտով կլսենք ավելի հաճախ»,- նշել է ընկերության հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Նախորդ երկու տարիների ընթացքում Սիսայդ Ստարտափ Սամմիթը՝ որպես միկրոաքսելերացիոն հարթակ, նկատելի դարձավ համաշխարհային ստարտափ էկոհամակարգում։ 2018թ․ երկու միջազգային սամմիթներ անցկացվեցին Հնդկաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։

Սեւան Ստարտափ Սամմիթը կանցկացվի 2020թ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը՝ Հայաստանում հավաքելով ավելի քան 10.000 մասնակիցների աշխարհի շուրջ 50 երկրից։ Հակոբ Հակոբյանի խոսքով, բացի հայաստանյան միջոցառումից, Հնդկաստանը, ԱՄԷ-ն եւ եւս 10 երկիր գտնվում են բանակցությունների փուլում։