16:20 | 20.11.19 | Նորություններ | 9212
Այսօրվանից Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր ունեն iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, կարող են զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի օգնությամբ։
Դեռեւս 2017 թվականից Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար իր ցանցում գործարկել է VoLTE (LTE ցանցում ձայնի փոխանցում) տեխնոլոգիայով զանգեր կատարելու հնարավորությունը, սակայն հեռախոս արտադրող ընկերություններն առ այսօր պատրաստ չէին հայաստանյան շուկայում ներկայանալ Voice over LTE տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոններով։ Նշյալ տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջեւ զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է 2 վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։
«Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ հետեւողական աշխատանք է իրականացրել սմարթֆոններ արտադրող մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Apple-ի հետ, որպեսզի Ucom շարժական կապի բաժանորդները վերջապես ունենան հեռախոսներ, որոնք Ucom-ի ցանցում համատեղելի են VoLTE տեխնոլոգիայի հետ։ Ուրախ ենք, որ iPhone նախընտրողներն արդեն ունեն այս հնարավորությունը, եւ այս ուղղությամբ շարունակելու ենք բանակցել մյուս սմարթֆոն արտադրող ընկերությունների հետ»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք, որ Ucom ընկերության LTE ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի ավելի քան 880 բնակավայր: Բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացված օպերացիոն համակարգը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները եւ օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։ VoLTE զանգի ընթացքում հեռախոսը կշարունակի տվյալների բարձր արագությամբ փոխանցումը LTE ցանցի միջոցով։ VoLTE տեխնոլոգիայի կարեւոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլեւ ձայնի զգալի բարձր որակը։
Հավելենք, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետեւ պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։ Ի դեպ, որոշ մոդելների վրա նշյալ տարբերակը կարող է գտնվել Settings –> Cellular –> Cellular Plans –> [ընտրել քարտը] -> Voice & Data հաջորդականությամբ։ Դրանից հետո հարկավոր է հավաքել *436#, սեղմել զանգի կոճակը եւ հետեւել հրահանգներին։ VoLTE-ն կակտիվանա թռիչքի ռեժիմն ակտիվացնելու եւ ապաակտիվացնելու արդյունքում։