17:53 | 14.11.19 | Նորություններ | 10233

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

Արարատի մարզի Լուսաշող համայնքում բնակվող Արամյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրում:

Նրանց կիսակառույցը դարձել է տուն:

Լուսաշող են այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարները:

«Երբ դեռ շատ փոքր էի, մտածում էի, որ երազանքը հեքիաթի նման է. այն ավելի շատ՝ անհավանական թվացող նպատակ է: Բայց գիտեի նաեւ, որ կյանքում միշտ պետք է երազել, քանի որ դա օգնում է ձգտել, պայքարել եւ հասնել նպատակների իրականացմանը: Այսօր էլ այդ կարծիքին եմ, սակայն անընդհատ առաջ շարժվող աշխարհում, տանիքով ապահովված լինելը պետք է լինի ոչ թե անհավանական թվացող նպատակ, այլ ապրելու համար պարտադիր ու տարրական պայման: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նույն վագոն-տնակում կամ կիսակառույցում ապրում է ընտանիքի երկրորդ, երբեմն էլ երրորդ սերունդը՝ անցնելով բարդ, հուսահատեցնող ճանապարհով: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ճիշտ ծրագիր ենք իրականացնում: Յուրաքանչյուր բնակարանամուտի ժամանակ մեծ ուրախություն եմ ապրում, երբ տանտերերի աչքերում՝ իրականացված երազանքների լույսի շող եմ տեսնում: Դա մեր գործընկերության ամենակարեւոր գնահատականն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս ընտանիքը տարբեր տարիների ապրել է տարբեր վայրերում. վագոն տնակ, ապա փոքր քարե սենյակ եւ կիսակառույց տուն։ Ժամանակն էր, որպեսզի իրենք էլ վայելեն սեփական հարմարավետ տուն ունենալու բերկրանքը եւ ստեղծեն նոր եւ վառ հիշողություններ իրենց արդեն կառուցված տանը։ Ուրախ եմ Արամյանների ընտանիքի համար»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տարիների համագործակցության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ միայն Արարատի մարզում կառուցվել է 12 տուն։