16:04 | 31.10.19 | Նորություններ | 2027

Հայկական տեխնոլոգիական ներուժը ներկայացվել է Քաթարում

Հայկական պատվիրակությունը մասնակցում է Քաթարում ընթացող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին, որի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Խելացի քաղաքներ եւ ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։

Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին:

Համաժողովի շրջանակներում նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Քաթարի տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջասիմ բին Սայիֆ բին Ահմեդ Ալ-Սուլաիթիի եւ Քաթարի վարչապետի գլխավոր խորհրդական Ահմեդ Ալ Սալուիթիի հետ։ Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման ներուժին եւ հնարավորություններին։ Բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար տրամադրել համապատասխան ռեսուրսներ, ինչպես նաեւ այցելել մեր երկիր եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ գործնական հարաբերություններ սկսել։

Համաժողովի շրջանակներում բացվել է նաեւ «QITCOM 2019» Մերձավոր Արեւելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսը, որտեղ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ Ցուցահանդեսին տեխնոլոգիական ոլորտում նկատելի արդյունքներ գրանցած 10-ից ավելի ստարտափներ «Հայաստան» միասնական տաղավարով ներկայացնում են իրենց պրոդուկտները, հայկական տեխնոլոգիական լուծումները, նվաճումներն ու ձեռքբերումները: Հայկական տաղավար են այցելել բարձրաստիճան մի շարք հյուրեր եւ ոլորտի մասնագետներ:

Հակոբ Արշակյանը եւ հայկական տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները Քաթարում Հայաստանի նորաբաց դեսպանությունում հանդիպում են ունեցել նաեւ Քաթարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախարարը շնորհավորել է Քաթարում ՀՀ դեսպանին եւ համայնքի ներկայացուցիչներին՝ դեսպանատան բացման կապակցությամբ: Նա անդրադարձել է Քաթար կատարած այցի շրջանակներում ունեցած հանդիպումների մանրամասներին, ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանի՝ առանձին տաղավարով ներկայանալու փաստին, որին մեծ աջակցություն է ցուցաբերել Քաթարում Հայաստանի դեսպանատունը: