13:29 | 31.10.19 | Նորություններ | 2188

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) եւ Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարությունը հոկտեմբերի 29-ին Ադիս Աբեբայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ նորարարության ոլորտներում:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է Ինժեներական քաղաքի մոդելը ներդնել Եթովպիայի Talented and Gifted Center-ում:

Հուշագիրը Ադիս Աբեբայում ստորագրել են Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիան եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Սա նոր համագործակցության սկիզբ է, որ շրջանակում կանցկացվեն տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծեր, կստեղծվեն R&D լաբորատորիաներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր՝ խրախուսելու երկու երկրներում նորարարական էկոհամակարգի զարգացումները:

photo © ՁԻՀ

Ամալյա Եղոյանի խոսքով, Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարության հետ ուղիղ հուշագրի ստորագրումը հաճելի անակնկալ էր:

«Մինչ այցը նախատեսվում էր, որ հուշագիրը կստորագրվի Եթովպիայի Ադիս Աբեբայի համալսարանի հետ, սակայն արդեն Ադիս Աբեբայում տեղեկացանք, որ նախարար Մեկուրիան ցանկանում է, որ հուշագիրը հենց նախարարության հետ ստորագրվի: Սա պայմանավորված էր նրանով, որ նախարարն իսկապես կարեւորում է նախաձեռնությանը, որի շրջանակում Ինժեներական քաղաք ծրագիրը կիրականացվի Talented and Gifted Center-ում»,- ընդգծում է Ամալյա Եղոյանը:

Եթովպիայում Ամալյա Եղոյանը որպես հատուկ խոսնակ՝ AfriLabs-ի եւ Աֆրիկյան Միության հրավերով, մասնակցում էր տարածաշրջանի նորարարական էկոհամակարգի ամենախոշոր միջոցառում համարվող AfriLabs ամենամյա հավաքին: Դրա շրջանակում նա հանդես է եկել «Հետազոտությունից նորարարություն. կամրջելով հետազոտական ինստիտուտների, համալսարանների եւ կենտրոնների միջեւ անդունդը» ելույթով:

2019թ. ապրիլին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր ստորագրեց Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում: