14:04 | 23.10.19 | Նորություններ | 8456

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել է «Իմ Մարտունի» մրցույթը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հասցեում վերաբացել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ իր սպասարկման կենտրոնը:

Այն այժմ գործում է Մյասնիկյան 29 հասցեում, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00 - 18:00 ժամանակացույցով: Նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները, որի մեկնարկն ազդարարվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մեկ շաբաթ ընթացած մրցույթի բոլոր կանոնները ներկայացվել են նախապես: Ըստ մրցույթի պահանջի՝ անհրաժեշտ էր Ֆեյսբուքի պրոֆիլում տեղադրել Մարտունու որեւէ տեսարժան վայրում լուսանկարված նկար՝ օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծած՝ «Իմ Մարտունի» շրջանակը: Մրցույթին նկարների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին: Մասնակցության պարտադիր պայմաններից մեկը՝ Մարտունի համայնքում գրանցված, իսկ մյուսը՝ պատահականության սկզբունքով իրականացվող խաղարկությանը սպասարկման կենտրոնում ֆիզիկապես ներկա լինելն է:

«Այս անգամ որոշեցինք սպասարկման կենտրոնի վերաբացումը համատեղել մի այնպիսի մրցույթի հետ, որի հիմքում լինեն՝ սեփական բնակավայրի նկատմամբ սերն ու այն արտահայտելու լայն հնարավորությունները՝ սոցիալական ցանցերի միջոցով: Շնորհավորում ենք պատահականության սկզբունքով հաղթող ճանաչված եւ ամենաստեղծագործ երեք մարտունեցիներին: Շարունակե՛ք սիրել ձեր ծննդավայրը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատահականության սկզբունքով ընտրված հաղթող՝ Սյուզաննա Ավետիսյանին տրվել է նվեր՝ «Honor 8X» սմարթֆոն: Ստեղծագործ միտքը խթանելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ սահմանել է խրախուսական փոքրիկ նվերներ՝ եւս երեք մասնակցի՝ Սեւակ Սահակյանի, Արմին Մանուկյանի եւ Արտաշ Կարապետյանի համար: Նրանք ընտրվել են ընկերության կողմից եւ ստացել լիցքավորման սարք (power bank) եւ բրենդավորված հուշանվեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոնն առավել արդիականացվել ու հարմարեցվել է ժամանակակից պահանջներին` հաշվի առնելով թե՛ բաժանորդների, եւ թե՛ աշխատակիցների հարմարավետությունը: Սպասարկման կենտրոնի առկայությունը կարեւոր է ոչ միայն ընկերության աշխատակիցների, այլեւ Մարտունիում եւ հարակից համայնքներում բնակվող բաժանորդների համար:

Գործունեության սկզբից մինչեւ օրս՝ շուրջ 15 տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում բաժանորդի գոհունակությունը: Կենտրոնի արդիականացումն այդ սկզբունքի հերթական դրսեւորումն է: Հանրապետության տարբեր մարզերում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սպասարկման 77 կենտրոն: