11:16 | 11.10.19 | Նորություններ | 9012

Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսել է Երիտասարդ առաջնորդների դպրոցում

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ է հանդես եկել Երիտասարդ առաջնորդների միջազգային BuissUp դպրոցի մասնակիցների առջեւ:

Ունկնդիրները՝ 20-30 տարեկան, տարբեր երկրներից ժամանած 70 մասնակիցներ էին:

Անդրեյ Պյատախինը երիտասարդների հետ կիսվել է իր հաջողության պատմությամբ՝ խոսելով կարիերայի եւ անձնային աճի մասին: Աշխատանքային փորձ ունենալով տարբեր քաղաքներում եւ երկրներում՝ Beeline-ի ղեկավարն ընդգծել է ինտեգրման, նոր մշակույթի ընդունման եւ դրանում աշխատելու կարողության կարեւորությունը: Նա նաեւ խոսել է այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր առաջնորդին ու հաջողակ մենեջերին:

«Մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցում ձեր հիմնական օգնականներն ու ուսուցիչներն են ձեր գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները: Ամեն օր նոր հավակնոտ նպատակներ դրեք ձեռ առաջ եւ ձգտեք հասնել դրանց` դառնալով ավելի լավը, քան երեկ: Չկան անհասանելի նպատակներ, կարեւոր է չվախենալ պարտություններից, այլ ուրախությամբ ընդունել դրանք որպես անգնահատելի փորձ, վերլուծել եւ եզրակացություններ անել: Հենց սա է հաջողության գաղտնիքը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարեւորն այն է, որ հենց երիտասարդ սերունդն է իրականացնում այնպիսի նախագծեր, եւ դրանց մասնակից են դառնում նույն սերնդի այլ ներկայացուցիչներ: Տարբեր երկրներից երիտասարդները հավաքվել են ստեղծագործելու եւ միասին կառուցելու իրենց պայծառ ապագան»,- նշել է Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչը Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամն է: Դպրոցը կապող օղակ է սկսնակների եւ արդեն կայացած, բարձրակարգ մասնագետների ու գործարարների միջեւ: Դասընթացների ու սեմինարների թեման էր «Գաղափարից դեպի իրականացում», որի շրջանակում խոսնակները WayUp ձեւաչափով շոշափեցին հետեւյալ թեմաները՝ խնդիրների հայտնաբերում, գաղափարի առաջացում, ապրանքանիշի առաջխաղացում, բիզնես պլանի ստեղծում եւ ներկայացում:

Անդրեյ Պյատախինի ելույթը կայացել է Beeline-ի եւ Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամի համագործակցության շրջանակներում: