16:42 | 10.10.19 | Նորություններ | 2384
Հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կկայանա «Գիտության եւ տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը՝ Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ:
Այն իրականացնում են Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտն ու SmartGateVC վենչուրային ֆոնդի նախաձեռնություն «Քաթըլիսթ» հիմնադրամը։
Գիտաժողովի նպատակը Հայաստանում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների ապագայի կանխատեսումն է։ Համաժողովը համախմբում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ ակադեմիայի տարբեր ոլորտների հետազոտողների եւ ինժեներների, ովքեր աշխատում են առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում:
Գիտաժողովի հիմնական թեմաներն են մեքենայական ուսուցումը, համակարգչային տեսողությունը, էլեկտրոնային դիզայնի ավտոմատացումը, ռոբոտաշինությունն ու իրերի համացանցը, հաշվողական կենսաբանությունը եւ քվանտային հաշվարկները:
Համաժողովի բանախոսները կկիսվեն իրենց փորձով՝ պատրաստակամ լինելով հետագա համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանում իրենց կամ իրենց հաստատության փորձի կրկնօրինակման։ Կլինեն նաեւ մի շարք կարեւոր հայտարարություններ էկոհամակարգի հիմնական ներկայացուցիչների կողմից:
Զուգահեռաբար, կկազմակերպվեն ազդագրերի ցուցադրություններ՝ տեխնիկական քննարկումներին խորապես անդրադառնալու նպատակով:
Բանախոսներն ու մասնակիցները տեղական գիտական եւ համալսարանական շրջանակներից են, ինչպես նաեւ տեխնոլոգիական ընկերություններից, զարգացող տեղական տեխնոլոգիական ստարտափներից, ինչպես նաեւ առաջատար հետազոտական հաստատություններից (Ստանֆորդ, UIUC, Տամպեր, եւ այլն):