12:03 | 26.09.19 | Նորություններ | 6313

«Yandex»-ի հիմնադիրը Երեւանում կխոսի տրանսպորտի եւ անօդաչու մեքենաների ապագայի մասին

«Yandex» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հաջորդ ամիս Երեւանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից:

Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ։ Արկադի Վոլոժի ելույթի թեման տրանսպորտի եւ անօդաչու մեքենաների ապագան է:

Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը 2000 թվականից նաեւ գործադիր տնօրենն է: Այսօր «Yandex»-ը Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից է, որի հիմնադրումից առաջ Վոլոժն արդեն կայացած եւ հաջողակ գործիչ էր ՏՏ արդյունաբերությունում։ Դրանից առաջ նա համահիմնադրել է անլար համացանցի «InfiNet Wireless» եւ հեռահաղորդակցության սարքավորումների «CompTek International» Ռուսաստանում ամենամեծ մատակարար ընկերությունները:

«Yandex-ն ամենամեծ եւ ամենաազդեցիկ ինտերնետային ընկերությունն է Ռուսաստանում եւ ԱՊՀ տարածքում, որն իր ներկայությունն ապահովում է շուրջ 10 երկրում՝ միայն Ռուսաստանում ունենալով ավելի քան 60 միլիոն առցանց օգտատեր: «Yandex-ը նաեւ արհեստական բանականության եւ անօդաչու մեքենաների տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է: Ընկերությունը դրան հասել է Արկադի Վորոժի ղեկավարությամբ եւ նրա տեսլականի համաձայն»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: