17:03 | 25.09.19 | Նորություններ | 2275
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։
«Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն եւ գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․
«Կիբերանվտանգության իրական արժեքները գաղտնիությունը, ինտեգրվածությունը եւ հասանելիությունն են: Դրանք պետք է կիրառվեն նաեւ մեր սոցիալական կյանքում: Այստեղից էլ տեսնում ենք, որ մենք ապրում ենք երկու աշխարհում. մեկը դասական՝ իրական աշխարհն է, մյուսը ոչ դասական, քվանտային աշխարհը, որտեղ մեր շարժման արագությունը հասնում է լույսի արագությանը: Եվ աստիճանաբար մենք ավելի ու ավելի շատ ենք ապրելու վիրտուալ աշխարհում: Վիրտուալ աշխարհը ռիսկերի առումով ուղղակի ազդեցություն է ունենալու մեր նյութական կյանքի վրա: Ուստի, բարի գալուստ 21-րդ դար: Բարի գալուստ խառը կյանք, որն աստիճանաբար դառնալու է ավելի ու ավելի թվային: Թվայինն ավելի է արագացնում ռիսկերը, փոխում դրանց բնույթը»:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է:
«Որովհետեւ բնական ռեսուրսներն այլեւս այնքան կարեւոր չեն լինելու, որքան նախկինում: Հնարավորություն է լինելու նորարարության, ադապտացվելու, գիտության, տեխնոլոգիայի համար: Մենք ժառանգել ենք եւ ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, մասնավորապես, բնական գիտությունների՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ այլ ոլորտներում»,- ասել է նա։
Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ իր նախաձեռնության՝ ATOM (Advanced Tomorrow)-ի մասին:
«Պատկերացրեք մի վայր, որտեղ երեխաները կարող են գալ եւ խաղալ, դրա շնորհիվ բացահայտել բնության օրենքները եւ ինժեներական որակներ ձեռք բերել: Վայր, որտեղ երիտասարդները կարող են այցելել «Վաղվա թանգարան»: Այս ամենը վերաբերելու է գիտությանն ու տեխնոլոգիաներին, սակայն ոչ պատմությանը, այլ ապագային: Վայր, որտեղ հնարավոր կլինի տեսնել խոշոր ընկերությունների, որոնք զբաղվում են արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, տեղեկատվության կառավարման, կիբերանվտանգության հետազոտություններով: Հարթակ, որտեղ հայկական, ամերիկյան, ռուսական, ֆրանսիական եւ այլ համալսարանները կհամագործակցեն ու հետազոտություններ կիրականացնեն: ATOM-ը նախագահական նախաձեռնություն է, որը ճանապարհին է: Ես բոլորիդ հրավիրում եմ Հայաստան՝ լինելու այդ նախագծի մասը:
Մենք շատ նվաճումներ ունենք, այդ թվում եւ՝ ստարտափները: Հայաստանում անցկացվում է Seaside Startup-ը: Այս նախագծի շրջանակում հազարավոր ստարտափներ են հավաքվում մեկ հարկի տակ մեկ շաբաթով, ապրում են միասին, հաղորդակցվում: Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ ես նաեւ ստարտափի նախագահ եմ, եւ մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ եւ նոու հաու, ունի հավակնություններ՝ դառնալու մեծ, ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր ստարտափ: Ես հպարտ եմ լինելու նախագահը մի ստարտափի՝ երկրի, որը ցանկանում է դառնալ նոր՝ 21-րդ դարի աշխարհի առաջնորդներից մեկը:
Երբ գիրքս լույս տեսնի, ուրախ կլինեմ գալ եւ քննարկել այն ձեզ հետ: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Հայաստան, հրավիրել Cybertech-ին Հայաստան: Cybertech-ը պետք է լինի նաեւ Եվրասիայում, իսկ Հայաստանը Եվրասիայի կենտրոնն է»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։
Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհի առաջատար միջազգային հարթակներից մեկն է, որին մասնակցում են շուրջ 40 երկիր ներկայացնող 5000-ից ավելի պետական գործիչներ եւ գործարար շրջանակների ղեկավարներ, անվտանգության եւ պաշտպանության, առողջապահության, ապահովագրության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ առաջատար ընկերություններ ողջ աշխարհից: