12:58 | 11.09.19 | Նորություններ | 2140

Գործարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր կայքը

Սեպտեմբերի 10-ին գործարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքը։

Ի դեմս նոր կայքի, որը մշակվել է «eWorks» ընկերության կողմից, ստեղծվել է մի հարթակ, որը միավորում է «Արմաթ» լաբորատորիաների՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող սաներին, տալիս է նրանց հաղորդակցվելու, գիտելիքով ու հմտություններով փոխանակվելու հնարավորություն։


Հարթակում յուրաքանչյուր լաբորատորիա եւ «Արմաթի» յուրաքանչյուր սան կունենա իրենց անհատական էջերը, ուր հավաքագրվելու են բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են տվյալ լաբում, կամ որոնց հեղինակը սույն երեխան է։ Այսպիսով, ֆիքսվում են երեխաների գիտելիքները, հմտությունները եւ ստեղծվում է ամեն սովորողի անհատական պորտֆոլիո։

«ԱՏՁՄ հետ համագործակցության արդյունքում մշակվեց սոցիալական կայք, որի միջոցով   ՏՏ ոլորտում առաջին քայլերն էլ ավելի հասանելի են դառնում ոլորտով հետաքրքրված անձանց՝ հատկապես վաղ տարիքից ինժեներական կրթությունը նախընտրող երեխաների համար։ Վստահ եմ, որ մոտ ապագայում նախագիծը խթան կհանդիսանա ՏՏ աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու հարցում»,- նշել է «eWorks» ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Բադալյանը։

Կայքի մյուս առանձնահատկությունն էլեկտրոնային ուսուցման միասնական հարթակի ստեղծումն է, որտեղ տեղադրվում են «Արմաթ» ծրագրի ուսումնական մեթոդաբանությունը, ձեռնարկները, տեսադասերը, համակարգչային ծրագրերը, որոնք գերազանցապես մշակվել են Instigate ընկերության կողմից։

Հարթակում ինտեգրված է նաեւ խմբակավարների եւ մարզային համակարգողների գնահատման եւ մոնիտորինգի համակարգ։ Բոլոր հաշվետվություններն այսուհետ մուտքագրվում են կայք, որը լրացված դաշտերի հիման վրա գեներացնում է փաստաթուղթ, ինչպես նաեւ ստատիստիկ տվյալների աղյուսակ։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ): Ներկայում Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։