11:40 | 03.09.19 | Նորություններ | 2586

Հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը կանցկացվի հոկտեմբերի 5-9-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը, այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 5-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային սրահի տարածքում:

Ցուցահանդեսը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

ԴիջիԹեքը համախմբում եւ արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին: Ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում եւ պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:

Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հետ համատեղ։ WCIT 2019-ին հրավիրված են մասնակցելու տեխնոլոգիական ոլորտի ավելի քան 2000 առաջատարներ՝ շուրջ 60 երկրից:

Նպատակ ունենալով համապատասխանեցնել ԴիջիԹեք տեխնոտոնը միջազգային ստանդարտներին՝ դեռ նախորդ տարվանից Դիջիթեքը սկսել է գրանցել այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար: Ուստի անհրաժեշտ է գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է:

Այս տարի առաջին անգամ կգործի նաեւ հատուկ անվճար տրանսպորտ, որը քաղաքի տարբեր հատվածներից կիրականացնի ուղեւորների տեղափոխում դեպի ԴիջիԹեք եւ հակառակ ուղղությամբ:

Վերջին 10 տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80 հազ.-ի: Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 120 տեղական եւ արտասահմանյան ընկերություն:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի եւ ԴիջիԹեք 2019 ցուցահանդեսի կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։ Դիջիթեք 2019-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: