15:21 | 22.08.19 | Նորություններ | 12431
Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան եւ թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»:
Բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Բաբայաններն արդեն ավարտել են տան ներքին հարդարման աշխատանքները։ Շուտով կտեղադրվի նաեւ ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամությամբ՝ ընտանիքին օգնության են հասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները։ Կամավորները համախմբվել են՝ հասանելիության խնդիրը լուծելու համար: Համատեղ ուժերով՝ փայտյա թեքահարթակի փոխարեն կառուցվել է նորը: Իրականացվել են բետոնացման աշխատանքներ: Հարմարավետ տուն ունենալն արդեն երազանք չէ ընտանիքի համար։
«Եթե ուզում ենք երկիր շենացնել, պիտի պատրաստ լինենք համախմբվելու: Կարողանանք ստեղծել մի բան, որից օգտվողը ոչ թե մենք, այլ մեր հայրենակիցներից մեկն է լինելու: Երբ ամեն անգամ, ինչ-որ տեղ շինարարություն ենք իրակացնում՝ սրտանց ուրախանում եմ: Կամավորների կազմած շղթան, փրկության օղակի նման, գործն առաջ է տանում: Վստահ եմ, որ դրանից ոգեւորվում են ոչ միայն տան անհրաժեշտություն ունեցողները, այլեւ մեր աշխատակիցները: Լուսավոր կյանքի ճանապարհն սկսվում է մարդասիրությունից եւ պատասխանատվությունից: Այդպես են մտածում այստեղ աշխատող մարդիկ: Հակառակ դեպքում չէին աշխատի՝ խնդիրը համարելով ոչ իրենցը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը:
«Ամեն ընտանիք իր խնդիրներն ու դժվարություններն ունի։ Այս ընտանիքի պարագայում կարեւոր է նշել, որ տոկունությունը, հումորի զգացումն ու դժվարությունները հաղթահարելու ձգտումը չեն լքել նրանց, եւ կան մարդիկ որոնք պատրաստ են աջակցել՝ ձեռք ձեռքի տալ, թեթեւացնելու ընտանքի ուսերին ընկած տարիների հոգսը։ Թերեւս դա է բնակարանաշինության ծրագրի առաքելությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: