15:59 | 29.07.19 | Նորություններ | 3342

«Թել-Սել»-ն ու «ՍԱՍ գրուպ»-ը բարձրտեխնոլոգիական նոր պրոդուկտ են ներկայացնում

«Թել-Սել» ընկերությունը եւ «ՍԱՍ գրուպ» հոլդինգը ներկայացնում են բարձրտեխնոլոգիական նոր պրոդուկտ՝ հնարավորություն տալով SAS Food Court-ում ուտեստ պատվիրել եւ վճարել հատուկ տերմինալներով:

«Թել-Սել»-ում նշել են, որ ծառայությունը հնարավորություն է տալիս ուտեստը պատվիրել՝ առանց հերթում սպասելու:

Տերմինալի էկրանին մուտքագրելով ուտեստի ցանկալի տարբերակը՝ նախընտրելի բաղադրամասերով, այն անմիջապես պատվիրակվում է խոհարարին: Պատվերի կարգավիճակը տեսանելի է հատուկ էկրանին, իսկ պատրաստ լինելու մասին տեղեկացվում է պատվիրելիս մուտքագրած հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ:

Պատվերի համար հնարավոր է վճարել բանկային քարտով կամ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով:

«Telcell-ը շարունակում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ժամանակակից ձեռքբերումները հայաստանյան շուկայում ներդնելու եւ մեր հայրենակիցներին հասանելիություն ապահովելու իր քաղաքականությունը: Մենք հնարավորություն ենք ընձեռում արագության այս դարին համաքայլ ընթանալ: Այդ է վկայում նաեւ Telcell-ի նոր պրոդուկտի կարգախոսը՝ «Արագ, հարմար, արտահերթ»: Նոր ծառայությունը թույլ է տալիս ոչ միայն արտահերթ պատվեր ձեւակերպել, այլեւ վճարել շատ արագ՝ Telcell Wallet-ի միջոցով: Գործընթացն իրապես շատ կարճատեւ է ու հարմարավետ: Մենք ուրախ ենք, որ հայաստանյան շուկայում առաջինն ենք ներդնում այս տեխնոլոգիան, եւ վստահ ենք, որ այն գոհունակությամբ կընդունվի»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ ՏՏ տնօրեն Իրինա Գասպարյանը:

«Մենք առաջնորդվում ենք սպասարկման ու ծառայությունների մատուցման որակի բարձր չափանիշներով, եւ Telcell-ի հետ համագործակցությունն ուղղված է հաճախորդների համար առավել հարմարավետ եւ ժամանակակից միջավայրի ապահովմանը: SAS Food Court-ում հատուկ տերմինալների միջոցով ուտեստ պատվիրելն ու վճարելը ավելի արագ եւ արդյունավետ է դարձնում ինչպես վճարման, այնպես էլ սպասարկման գործընթացը: Մեզ համար նման ժամանակակից լուծումները մեկ գերնպատակ են հետապնդում՝ ապահովել մաքսիմալ որակ եւ հարմարավետություն մեր հաճախորդների համար: Գործընթացը լիովին վերահսկելի եւ վստահելի է, ինչի շնորհիվ ապահովվում է հաճախորդի գոհունակությունը: Իսկ դա մեզ համար չափազանց կարեւոր է»,- նշել է «ՍԱՍ գրուպ» ընկերության գործառնական տնօրեն Սամվել Մանուկյանը: