15:38 | 29.07.19 | Նորություններ | 12638
Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են 120 ստարտափներ Հայաստանից եւ աշխարհի 45 երկրներից։
Սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավել մենթորներ եւ հաջողակ ձեռներեցներ, վենչուրային եւ հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով եւ կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:
Մասնակիցների ծանոթությանն ու ստարտափների ներկայացմանը հաջորդել է պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաեւ միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։
Այս տարի «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաեւ լինելու է 100 000 դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։
Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 դոլարի ներդրումային համաձայնություն։
Դիմելով մասնակիցներին` «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է, որ սամմիթը տարեցտարի ավելի մեծ եւ ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու եւ իրենց փորձության ենթարկելու:
«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս հիանալի նախաձեռնությանն ու միայն դրական արձագանքներ ենք ստանում: Սա Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կայացման համար շատ կարեւոր իրադարձություն է, այն ձեւավորում է անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր, տալիս նոր գիտելիքներ եւ ներդրողների հետ հանդիպելու իրական հնարավորություններ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների եւ ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման եւ ներդրումային գործարքների համար:
Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է եւ արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։
Սեւան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է: