11:12 | 16.07.19 | Նորություններ | 2344
Հայաստանի օգտատերերի 0,5%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունում նշել են, որ նույն ժամանակահատվածում նման գրոհների ենթարկվել է Ադրբեջանի օգտատերերի 0,7%-ը եւ Վրաստանի օգտատերերի 0,6%-ը։
Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների բախված օգտատերերի բաժինը Հայաստանում եւ Վրաստանում նշանակալի չափով կրճատվել է, քանի որ 2018-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1,4-ական տոկոս. այդ երկրներն այն ժամանակ բաժանել են 6-7-րդ տեղերը նման օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների վարկանիշում, իսկ այս տարի լքել են այդ վարկանիշի առաջատարների տասնյակը։
«2019-ի հունվար-մարտին ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի աշխարհում ամենամեծ բաժինը գրանցվել է Հարավային Կորեայում՝ 2,2%, որին հաջորդում են Չինաստանը՝ 2,1% ցուցանիշով, եւ Բելառուսը, Վենեսուելան ու Սերբիան (1,6-ական տոկոս)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնց համաձայն՝ առաջին եռամսյակում հետ են մղվել աշխարհի 243 604 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ԾԱ-ի գործարկման փորձեր»,- ասված է հաղորդագրությունում:
Փորձագետները նշում են, որ կիբեր հանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու եւ փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ եւ ֆիշինգ, ինչպես նաեւ ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային եւ կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։
Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։