15:51 | 11.07.19 | Նորություններ | 8640
Հուլիսի 1-10 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջին մասը՝ նախատեսված 10-13 տարեկան երեխաների համար։
Շուրջ 220 աշակերտ եւ 14 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։
«Արմաթ» տեխնոճամբարի ընթացքում դպրոցականները, որոնք մեծ մասամբ «Արմաթ»-ի սաներ են, նախապես կազմված թիմերով սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ եւ այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաեւ սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջեւ վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սեւ գծին հետեւող ռոբոտ։
Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային եւ սպորտային բաղադրիչներ։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական պարեր Գագիկ Գինոսյանի հետ եւ ծանոթացան ողջ մնալու արվեստին Վովա Վարդանովի խմբի հետ:
«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետեւող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Ucom ընկերության ներկայացուցիչները եւ պարգեւատրեցին դպրոցականներին խրախուսական նվերներով: Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ, իսկ լավագույնները՝ էլեկտրական սկուտերներ։ Թիմը ղեկավարող ջոկատավարն ստացավ պլանշետ: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամներին տրվեցին սմարթ ժամացույցներ, իսկ ջոկատավարին՝ պլանշետ:
«Արդեն 4-րդ տարին է, որ Ucom ընկերությունը պատիվ ունի աջակցելու արմաթցիների միջեւ անցկացվող տեխնոճամբարների իրականացմանը եւ հետեւելու երեխաների առաջընթացին, նոր սերնդի ինժեներական խմբակների հաջողությանը։ Ucom-ը շարունակելու է աջակցել երկրում տեխնոլոգիական կրթությանը եւ ջանք չի խնայի, որպեսզի Հայաստանը վերականգնի տեխնոլոգիապես զարգացած եւ նորարար երկրի իր համբավը»,- նշել է Ucom ընկերության մարկետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
Ճամբարին մասնակցում էին հետեւյալ համայնքների դպրոցականները՝
Երեւան, Արմավիր, Ռանչպար, Նորակերտ, Դամալա, Քարվաճառ, Արտենի, Ագարակ (Սյունիք), Ագարակ (Արագածոտն), Մաստարա, Աշնակ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիլիջան, Սոթք, Ճամբարակ, Գավառ, Նորատուս, Ակունք, Գյումրի, Սարատակ, Հայկավան(Շիրակ), Վահրամաբերդ, Հադրութ, Քաջարան, Կովսական, Ասկերան, Մարտակերտ, Սոս, Լորուտ, Արեւածագ, Մեծ Այրում, Վանաձոր, Այգեպար, Չորաթան, Իջեւան, Արտաշատ, Հարթավան, Լուսագյուղ, Բերձոր, Մարտունի (Արցախ), Իշխանաձոր, Վարդենիս, Դրախտիկ, Վահան, Կաթնաղբյուր, Ապարան:
Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսի 11-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում կկայանա «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը՝ այս անգամ նախատեսված 14-17 տարեկան պատանիների համար: