11:36 | 11.07.19 | Նորություններ | 5345

«Սինոփսիս»-ի կրթական ծրագրի շրջանավարտները ավարտական հավաստագրեր են ստացել

Հուլիսի 9-ին Սինոփսիս Արմենիա ընկերությունը որակավորման հավաստագրեր է շնորհել իր գործընկեր համալսարաններից «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով 2019թ. իրենց ուսումնառությունը հաջողությամբ ավարտած 116 շրջանավարտների՝ 64 բակալավրի եւ 52 մագիստրոսի:

Հանդիսավոր պայմաններում Սինոփսիսի ավարտական հավաստագրեր են ստացել ՀԱՊՀ 75 (50 բակալավր եւ 25 մագիստրոս), ԵՊՀ 17 (9 բակալավր եւ 8 մագիստրոս), ԵՀ 12 մագիստրոս եւ ՀՌՀ 12 (5 բակալավր եւ 7 մագիստրոս) շրջանավարտներ։

Նրանցից 91-ն արդեն աշխատում է Սինոփսիսի ճարտարագիտական բաժանմունքներում։ Ուշագրավ է, որ 116 շրջանավարտներից 56-ը (48%-ը) իգական սեռի ներկայացուցիչներ են։

2004թ սկսելով «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելի իրականացումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ՝ Սինոփսիսը շարունակաբար ընդլայնել է համագործակցությունը Հայաստանի այլ առաջատար բուհերի հետ: 2005թ. ընկերությունը սկսել է համագործակցություն Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), 2007թ.՝ Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) եւ 2011թ.՝ Եվրոպական համալսարանի (ԵՀ) հետ։ 15 տարիների ընթացքում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտն ավարտել է կիսահաղորդչային արդյունաբերության ժամանակակից պահանջներին բավարարող արտադրությանը պատրաստ 948 շրջանավարտ՝ համալրելով ինտեգրալ սխեմաների (IC) նախագծման եւ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտի աշխատաշուկան:

««Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելը, որը լավագույնս զուգակցում է ակադեմիական կրթության եւ բիզնես միջավայրի առավելությունները, մեզ հնարավորություն է տալիս պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում եւ գործնական հմտություններ ունեցող մասնագետներ», - ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ Երվանդ Զորյանը։

Սինոփսիսում կարեւոր ձեռքբերում են համարում նաեւ այն, որ Ուսումնական դեպարտամենտի շրջանավարտներից ոմանք աշխատանքին զուգահեռ նաեւ դասավանդում են ուսումնական դեպարտամենտում՝ համալրելով դասախոսական շարքերը։ Այսօր, ուսումնական դեպարտամենտի 50 դասախոսներից 22-ը Սինոփսիս Արմենիայի ճարտարագետներն են։

«Գործընկեր համալսարանների հետ իրականացվող կրթական ծրագիրը ներառում է եւ՛ բակալավրական, եւ՛ մագիստրոսական, եւ՛ ասպիրանտական ուսուցման ծրագրերը, որոնք հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտները տվյալ համալսարանի ավարտական դիպլոմի հետ մեկտեղ ստանում են Սինոփսիսի որակավորման հավաստագիր, որը վկայում է ժամանակակից արտադրական նախագծերի մեջ նրանց ներգրավման շնորհիվ ձեռք բերած գործնական հմտությունների մասին եւ հնարավորություն է տալիս աշխատանքի տեղավորվել թե՛ Սինոփսիսում, եւ թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող այլ ընկերություններում», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: