16:34 | 09.07.19 | Նորություններ | 6248

Ինժեներական շաբաթ. Հայաստանը, որպես ինժեներական կենտրոն քարտեզի վրա

Հունիսի 24-28-ին կայացավ «Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը, որի ընթացքում տեղի ունեցան Բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա սեմինարներ, ցուցադրություններ եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

Պաշտոնական բացման արարողությունը կայացավ հունիսի 24-ին, ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում, որին ներկա էին կառավարության անդամներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինժեներներ եւ տարբեր հյուրեր։

Իրադարձությունների մեծ շարքը ամփոփվեց հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը համախմբել էր շուրջ 500 մասնակիցների՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ եւ կայացած ինժեներական ընկերություններից։

Միջոցառմանը մասնակցեցին Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային ասոցիացիայի նախագահն ու այլոք։

Նեղ մասնագիտական պանելային քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված էին ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը եւ այլն:

Շաբաթվա ընթացքում Երեւանում եւ Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական եւ միջազգային 30 կազմակերպություններ, այդ թվում NVIDIA-ն, Nokia-ն, ՖՄԱ գիտահետազոտական կենտրոնը, Կորեայի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման համալսարանը (Korea information society development institute) եւ այլոք, ներկայացրեցին իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ ու հնարավոր դարձել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), YEA Engineering-ի, PMI Science-ի, Ինժեներական քաղաքի (EC), Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիայի (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաների (ANEL) ու Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնի (MIC) գործընկերությամբ։

«Հայաստան Ինժեներական շաբաթ»-ը միտված է դիրքավորել Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա: Արտերկրից ժամանած հյուրերին այս օրերի ընթացքում ցուցադրվում են Հայաստանում ստեղծված բարդ եւ ամբողջական ճարտարագիտական պատրաստի լուծումներ, որոնք կարելի է արտահանել», - նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Հայաստան-Ինժեներական շաբաթը» բարձր տեխնոլոգիական հարթակ է, որը Հայաստան կբերի ինժեներների՝ քննարկելու համաշխարհային մարտահրավերներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, 5G-ն, արդյունաբերական IOT-ը, արհեստական բանականությունը եւ դրանց դերը 4-րդ արդյունաբերական դարաշրջանի կառուցման ճանապարհին»,- ընդգծել է Ինժեներական ասոցիացիայի տնօրեն Վարդան Ալեքսանյանը:

«Բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված վերազգային ընկերությունների մասնակցությունը համաժողով-ցուցահանդեսին հայաստանյան նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարթոնքն ընդգծող եւս մեկ օրինակ է։ Կենտրոնացումը ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման վրա խոստումնալից է Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ իր միջազգային վարկանիշի համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ընդլայնելու հետազոտությունների ու մշակումների իր գործունեությունը, մենք չէինք կարող բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը», - մեկնաբանել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության Արտաքին գործերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը։

Միջոցառման ընթացքում Ֆիլիպ Մորրիս Արմենիայի աջակցությամբ իրականացված «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն» պիլոտային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ստացան ֆինանսավորման վկայականներ։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի փակումը տեղի ունեցավ հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կայացավ շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների եւ փորձագետների ներգրավմամբ, ինժեներական լուծումների ցուցահանդես եւ լավագույն սկսնակ ընկերությունների ներկայացումներ։