12:04 | 18.06.19 | Նորություններ | 2322

«Կասպերսկի». ՀՀ յուրաքանչյուր 6-րդ օգտատեր վերջերս ենթարկվել է համացանցից գրոհի

Հայաստանի օգտատերերի 16,13%-ը 2019թ. առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի։

Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16%, իսկ Ադրբեջանում՝ 18,28%: Վերջինս աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցրել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։

2018թ. ընթացքում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 36,47%-ը՝ նախորդ տարվա 32,81%-ի փոխարեն։ Եվ եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկվածների բաժինը 2017թ. 35,14%-ից աճել է մինչեւ 35,88%, ապա Վրաստանում՝ 22,93%-ից մինչեւ 26,62%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընդհանուր առմամբ, 2019թ. առաջին եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, եւ գրանցել՝ 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել հենց վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում են օրինական ռեսուրսները եւ այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ եւ ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներ ներբեռնող փաթեթներ, անհատական եւ բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։