11:57 | 04.06.19 | Նորություններ | 2675
Երեւանում կայացել է Armenia Startup Academy աքսելերացիոն ծրագրի դեմո օրը, որի շրջանակում 15 շրջանավարտ ստարտափները ներկայացրել են իրենց պրոդուկտները, պատմել, թե ինչ են սովորել ակադեմիայում եւ ներկայացրել ապագա ծրագրերը:
Նշենք, որ չորրորդ անգամ անցկացող ծրագիրը մեկնարկել է մարտին:
Ծրագրի շրջանավարտ ստարտափներն են՝
Apaga Community – հարթակ, որը հաճախորդներին եւ մանրածախ առեւտրային ընկերություններին թույլ է տալիս եկամուտ ստանալ աղբի վերամշակումից։
3DZUK – արհեստական բանականության վրա հիմնված ստարտափը ստեղծում է նկարազարդ կերպարներ՝ անհատական նվերների համար, ինչպես նաեւ նպաստում տարբեր ոլորտների արվեստագետների եւ դիզայներների արտադրողականության բարձրացմանը:
AppearMe – հարթակ, որը թվայնացնում է իրավական ոլորտի պրակտիկան՝ դատական աջակցություն ստանալու համար նախատեսված 4-12 ժամյա ժամանակահատվածը կրճատելով մինչեւ 60 վայրկյան։
ARD Music – արհեստական բանականության վրա հիմնված երաժշտություն գեներացնող հարթակ, որը հիմնվելով օգտատերերի ամենօրյա գործողությունների եւ զգացմունքների վրա, օգնում է ստանալ անհատական երաժշտություն։
Beticle – հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս սպորտային թիմերի կամ խաղացողների վիրտուալ բաժնեմասերի առք եւ վաճառք իրականացնել։
Cerebrus – մեքենայական ուսուցման հիման վրա աշխատող ամպային վերլուծական հարթակ՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների վաճառքներն ավելացնելու համար։
Creatr – համագործակցության հարթակ՝ ֆիլմ արտադրողների եւ ֆիլմ ստուդիաների համար։
FinAssist – օնլայն հարթակի միջոցով կարելի է միաժամանակ դիմել բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների վարկի համար, ստանալ անհատական վարկային առաջարկներ եւ հեշտությամբ ընտրել ամենահարմարը։
MLabel – առցանց հարթակ, որը հեշտացնում եւ արագացնում է տվյալների պիտակավորման (labeling) գործընթացը՝ մեքենայական ուսուցման օգնությամբ:
LiveBoard – ինտերակտիվ գրատախտակի հավելված, նախատեսված մասնավոր ուսուցիչների եւ հեռահար աշխատող թիմերի վիզուալ համագործակցության համար։
Lucky Carrot – նորարար հարթակ, որն օգնում է ընկերություններին բարելավել աշխատակիցների մոտիվացիան եւ ներգրավվածությունը։
MemTalk – արհեստական բանականության վրա հիմնված հանդիպումների մենեջեր, որը հանդիպման մասնակիցներին օգնում է ստանալ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական կետերը եւ կայացված որոշումները։
Nuki – հավելված-զարթուցիչ, որն արհեստական բանականության միջոցով օգտագործողի տվյալներից եւ այդ պահի քնի խորությունից կախված, վերջինիս արթնացնում է համապատասխան երաժշտությամբ՝ ապահովելով օրվա ուրախ սկիզբ:
RendChain – օնլայն ենթակառուցվածք, որը մեկ տեղեկատվական սխեմայի է միացնում համակարգիչներն ու այդպիսով լուծում համակարգչային հզորության պակասի խնդիրը։
Virtlo – մոբայլ հավելված, որի օգնությամբ օգտատերերը հեռախոսի տեսախցիկի միջոցով կարող են արագ որոնել մոտակա ցանկացած վայր, իսկ կազմակերպությունները կարող են օգտատերերին տեղեկացնել իրենց զեղչերի կամ միջոցառումների մասին:
Հիշեցնենք, որ Armenia Startup Academy-ն հագեցած նախաաքսելերացիոն ծրագիր է, որի շրջանակում ստարտափները 12 շաբաթների ընթացքում զարգացնում են իրենց պրոդուկտը:
Ակադեմիայի 12-շաբաթանոց նախաաքսելերացիոն ծրագրի երրորդ շրջանը մեկնարկել էր 2018 թ. hոկտեմբերի 1-ին: Ծրագրում ներգրաված է եղել 52 ստարտափ եւ 121 ձեռներեց, որոնք մասնակցել են շուրջ 400 հանդիպումների, 100-ից ավելի վորքշոփերի, ունկնդրել Հայաստանից եւ արտերկրից մենթորների խորհուրդներ:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է: