11:10 | 03.06.19 | Նորություններ | 1613

Երեւանում կայացել է Kaspersky Security Day կոնֆերանսը

 

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը մայիսի 31-ին Երեւանում անցկացրել է «Այսօրվա եւ վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով Kaspersky Security Day հինգերորդ գործնական կոնֆերանսը:

Այն նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու եւ դրանց հետեւանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին եւ գործիքներին։

Kaspersky Security Day-ին մասնակցել են հայկական եւ միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Միխայիլ Ստեբլինը ներկայացրել է «Սպառնալիքների լանդշաֆտ 2018, միտումներ 2019» , «Kaspersky Anti-Targeted Attack Platform» եւ «Պաշտպանություն DDoS-գրոհներից» թեմաները, իսկ նախավաճառքային աջակցության մեկ այլ ճարտարագետ Եվգենի Մարկովեցը՝ ««Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումները խոշոր բիզնեսի համար», «Kaspersky Endpoint Security բիզնեսի համար» եւ «Վիրտուալացման պաշտպանություն» թեմաները։

«Կիբեռհանցագործ աշխարհը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է կիբեռհանցագործների թիրախների աշխարհագրության ընդլայնմամբ եւ երկրում գործող կազմակերպությունների գործունեության թվայնացման մակարդակի բարձրացմամբ։ Բացի այդ, չարագործները անընդհատ մշակում են կիբեռգրոհների նոր եւ ավելի բարդ տեխնոլոգիաներ։ Այս հանգամանքներով է պայմանավորված, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ընդլայնել է ներկայիս «Kaspersky Securiry Day»-ի թեմատիկան:

Դրա շրջանակներում մասնակից կիբեռանվտանգության մասնագետներն ստացան համապարփակ գիտելիքներ եւ հմտություններ, որոնք կիրառելով, կապահովեն իրենց կազմակերպությունների կիբեռանվտանգության համակարգերի անխափան աշխատանքը, կկանխարգելեն կորպորատիվ ցանցեր կիբեռհանցագործների ներթափանցման փորձերը, կբացառեն գաղտնի տվյալների եւ ֆինանսական միջոցների կորուստները»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարեւոր ասպեկտների վերաբերյալ, ինտերակտիվ քննարկել եւ պարզաբանել են կիբեռանվտանգությանն առնչվող հարցեր։