12:46 | 17.05.19 | Նորություններ | 2637

Տեխնովացիա Հայաստան 2019-ի ընթացքում 51 հավելված է ստեղծվել

Մայիսի 20–ին՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Տեխնովացիա Հայաստան 2019 ծրագրի շրջանակում ընտրված 20 կրտսեր թիմերը կներկայացնեն իրենց հավելվածները ժյուրիի դատին:

Այս տարի ավելի քան հինգ հարյուր 10-18 տարեկան աշակերտուհիներ եւ մենթորներ/ուսուցչուհիներ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել են ծրագրին:

Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանի աղջիկների թիմերի կողմից 51 հավելված է ստեղծվել:

Հայաստանյան մրցույթին մասնակցել է 49 թիմ՝ 9 մարզերից; 14 ժյուրիի անդամներ տեխնոլոգիական, բիզնես ընկերություններից եւ ուսումնական հաստատություններից գնահատել են թիմերի աշխատանքները: Հայաստանյան մրցույթի արդյունքները հայտնի կդառնան հունիսի 2–ին:

Տեխնովացիա Հայաստան մրցույթին աջակցում են Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման եւ Օնեքս ընկերությունները: Ավագ թիմերի մրցանակների հովանավորն է Սերվիս տիտան ընկերությունը:

Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:

Տեխնովացիան աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթն է 10-18 տարեկան աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգեւորել եւ հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ եւ առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ստացած ձեռներեցության եւ տեխնոլոգիական գիտելիքների միջոցով:

12 շաբաթյա ուսուցման ընթացքում մասնակիցներին սովորեցնում են հինգ մոդուլներ` գաղափարների գեներացիա, ծրագրավորում, բիզնես, շուկայի հետազոտում եւ ներկայացում:

Արդյունքում թիմերը մենթորների ուղղորդմամբ, բացահայտում են որեւէ սոցիալական խնդիր իրենց համայնքում եւ պատրաստում բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:

Երրորդ տարին է ինչ Հայաստանը մասնակցում է ծրագրին: Այն Հայաստանում իրականացնում են Կրթության ազգային ինստիտուտը եւ Կանայք եւ տեղեկատվական հասարակություն հկ-ն գործընկեր եւ աջակից կազմակերպությունների հետ: