15:40 | 16.05.19 | Նորություններ | 5992

Վանաձորում կկայանա Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հաքաթոն

Մայիսի 18-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» մրցույթը, որը նպատակ ունի առաջարկել տեխնոլոգիական լուծումներ, որոնք գրավիչ կլինեն ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկների համար եւ կապահովեն մեծ եկամուտ:

Մրցույթը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մրցույթի իրականացման գլխավոր աջակիցն է՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Միջոցառման իրականացմանն աջակցում են նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում նախագիծը եւ Լոռու մարզպետարանը։

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ՝ մասնավորապես հետեւյալ ոլորտներում.

- Հայաստանում զբոսաշրջության մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ,
- Տեղեկատվության որոնման բարելավում,
- Տեղեկատվական եւ Բարձր տեխնոլոգիական լուծումներ։

Թվային եւ տեխնոլոգիական մոտեցումները եւ լուծումները կարող են առնչվել թեմաների լայն շրջանակի, որոնցից են այցելուների կառավարում, բնական եւ մշակութային տեսարժան վայրերի կառավարում (ներառյալ թանգարանները), բացօթյա եւ արկածային սպորտաձեւեր, անդրսահմանային համագործակցություն, բաց տվյալներ, էլեկտրոնային ուսուցման ծրագրեր այցելուների եւ մասնագետների համար, հավելվածներ, հարթակներ, ամրագրման համակարգեր, ինչպես նաեւ թվային փորձառություններ եւ տեխնոլոգիաների վրա հիմնված ֆիզիկական զբոսաշրջության հարակից լուծումներ։

Ներկայացված հայտերի հիման վրա կընտրվի 30 թիմ ամբողջ Հայաստանից, որոնք 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների եւ լուծումների նախատիպերի վրա եւ կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի բաղկացած է լինելու ոլորտի լավագույն մասնագետներից:

Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2,000,000 ՀՀ դրամ, 1,200,000 ՀՀ դրամ եւ 750,000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով՝ մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

1.000․000 ՀՀ դրամ մրցանակ կշնորհվի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ լավագույն տեխնոլոգիական լուծման համար։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP) կֆինանսավորի մեկ ծրագրի իրականացում, եթե այն համապատասխանի UNDP-ի չափանիշներին՝ լինի նորարար, կայուն եւ իրագործելի։

Հիշեցնենք, որ հաքաթոնն առաջին անգամ անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը։