Ժան Գուրունլյանը
Ժան Գուրունլյանը
Նարինե Դանեղյանը եւ Ժան Գուրունլյանը
14:31 | 14.05.19 | Հարցազրույցներ | exclusive 48515
Մայիսի 7-9-ը Երեւանում կայացավ Webb Fontaine ՏՏ ընկերության առաջին միջազգային համաժողովը: Դրա շրջանակում Հայաստան ժամանեցին Webb Fontaine ընկերության 35-ից ավելի ղեկավարներ եւ աշխատակիցներ՝ Ասիայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Եվրոպայից:
Միջոցառման նպատակն էր նպաստել ընկերության մասնաճյուղերի միջեւ հաղորդակցության ընդլայնմանը:
Համաժողովը նշանավորվեց ցուցադրություններով, վորքշոփերով, քննարկումներով, որտեղ խոսնակները ներկայացրեցին ընկերության առաջընթացը եւ ապագա ծրագրերը, այդ թվում՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Webb Fontaine-ի գլխամասը գտնվում է Դուբայում: Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում գտնվող դուստր կազմակերպությունների եւ մասնաճյուղերի միջոցով ապահովելով համաշխարհային ներկայություն, ընկերությունը մասնագիտանում է տեղեկատվական համակարգերի զարգացման գործում` աջակցելով առեւտրի խթանմանն ու մաքսային մոդելների զարգացմանը:
Համաժողովի շրջանակում Itel.am-ը զրուցել է Webb Fontaine ընկերության հիմնադիր Ժան Գուրունլյանի հետ:
- Պատմեք, խնդրում եմ, ի՞նչ պրոդուկտներ է մշակում Webb Fontaine-ը:
- Ընկերությունը հիմնադրվել է 2002թ. Ժնեւում, Շվեյցարիա: Հետո տեղափոխվել է Դուբայ: Այսօր մենք ներկայություն ունենք բոլոր մայրցամաքներում:
2006թ. մենք որոշեցինք գրասենյակ բացել Երեւանում, այնպես որ Հայաստանում ներկայացված ենք արդեն տարիներ շարունակ:
Նարինե Դանեղյանը եւ Ժան Գուրունլյանը
Ընկերության հիմնական նպատակն է տեխնոլոգիաների միջոցով պարզեցնել միջազգային առեւտրային գործարքները, այլ կերպ ասած՝ մենք ստեղծում ենք ծրագիր, որն օգտագործվում է մի շարք երկրներում՝ մաքսային պրոցեսները պարզեցնելու համար: Մեր պրոդուկտները վերլուծում են մաքսային համակարգերը, ինչպես նաեւ տարբեր կոնտեյներներում առկա ապրանքները, որոնք տեղափոխվում են մի երկրից մեկ այլ երկիր:
Փորձում ենք այդ գործընթացը որքան հնարավոր է ավտոմատացված դարձնել՝ հայաստանյան մասնաճյուղում օգտագործելով Արհեստական բանականության լուծումներ: Այդ տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է եւ շուկայում առկա չէ:
- Իսկ ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում մասնաճյուղ բացել եւ ինչո՞վ է զբաղվում գրասենյակը:
- Ես որոշեցի ընտրել Հայաստանը՝ մասնաճյուղ բացելու համար, քանի որ առաջին հերթին ես հայկական ծագում ունեմ: Իմ հայրը հայ է, նա ցեղասպանության ժամանակ բնակվել է Թուրքիայում: Այնպես որ ես կապված եմ Հայաստանի հետ:
Նաեւ ես վստահ եմ, որ հայերը շատ լուրջ են, ունեն վերլուծող միտք, հայտնի են որպես լավ ՏՏ մասնագետներ եւ դա ճիշտ է: Ահա թե ինչու ես երկու տարի առաջ ավելացրի ներդրումները հայաստանյան մասնաճյուղում, ինչի արդյունքում գրասենյակի թիմն աճեց՝ 15 աշխատակցից հասցնելով 100-ի:
Ժան Գուրունլյանը
Հայաստանյան գրասենյակում շուրջ 100 աշխատակից ունենք: Ես գտնում եմ, որ նրանք բոլորն էլ լավ մասնագետներ են: Մենք ունենք նաեւ հետազոտության եւ զարգացման (R&D) գրասենյակներ Ֆրանսիայում եւ Ասիայում:
- Նախատեսո՞ւմ եք ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
- Ներկայում Հայաստանի գրասենյակի պատասխանատուները մեծացնում են թիմն այն չափով, որքան կարողանում են: Մենք որոնում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների, տաղանդների, որոնց այլ վայրերում գտնել հնարավոր չէ:
- Առաջին անգամ է, որ Webb Fontaine-ը կազմակերպում է համաժողով, որին մասնակցում են իր բոլոր մասնաճյուղերը: Ինչո՞ւ որոշվեց համաժողովն անցկացնել Հայաստանում:
- Մենք մեր ոլորտում առաջատար ենք՝ ժամանակակից տեխնոլոգիաներ գործածելու առումով: Հայաստանյան գրասենյակի զարգացումը հատկապես վերջին տարիներին տպավորիչ էր: Ես մտածեցի, որ, Երեւանում կազմակերպելով համաժողով, օգտակար կլինի միավորել բոլոր թիմերին, որոնք աշխատում են ապագայի պրոդուկտներ մշակելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ այս միջոցառումը մեծապես կբարձրացնի հայաստանյան գրասենյակի վարկանիշը:
Ժան Գուրունլյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը