13:56 | 08.05.19 | Նորություններ | 8742

Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 4-րդ շրջափուլի հայտերը

Beeline ստարտափ ինկուբատորը սկսել է ընդունել չորրորդ ինկուբացիոն շրջանի հայտերը։ Հայտերն ընդունվելու են մինչեւ հունիսի 1-ը։

4-րդ շրջափուլն իրականացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:

«Beeline ստարտափ ինկուբատորն արդեն իր ուրույն եւ կայուն տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգում, եւ մեր գործընկեր BANA-ի հետ այժմ էլ ավելի մեծ ներդրում ենք ունենում տեղական ստարտափների զարգացման հարցում։ Հավատացած ենք, որ հենց ակտիվ եւ ձեռներեց երիտասարդներին սատարելով կարող ենք լավագույնս ծառայել մեր երկրի զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ եւ վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից եւ ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։