16:42 | 02.05.19 | Նորություններ | 8729
Ucom ընկերությունը փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը՝ հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով։
Ucom-ի հեռուստատեսային ծառայության օգտատերերն արդեն նկատել են նոր պորտալի ինտերֆեյսի փոփոխությունը, որի UX (օգտատիրոջ փորձառություն) եւ UI (օգտատիրոջ ինտերֆեյս) բարելավման մասով կատարված աշխատանքի արդյունքում uTV բաժանորդներն ունեն ավելի արագ եւ սահուն աշխատող հարմարավետ պորտալ։
Օրինակ՝ «Սերիալներ» բաժնում հեռուստաբովանդակությունը ցուցադրված է հորիզոնական ցանկի տեսքով եւ ունի նոր ներքին էջ, որտեղ միաժամանակ երեւում են տարբեր եթերաշրջաններն ու դրանց մասերը։ Ակներեւ են փոփոխությունները նաեւ «Տեսավարձույթ» բաժնից օգտվող հեռուստասերների համար, քանի որ բաժնում փոխվել է կատեգորիաների եւ ֆիլմերի պատկերման տրամաբանությունը, ինչպես նաեւ ավելացել է որոնման հնարավորությունը:
«Ուրախ եմ, որ Հայաստանում մենք ինքներս ունակ ենք տեղական լուծումներ առաջարկել՝ որակյալ մեդիա-բովանդակությունը վերջնական սպառողին առանց որակի կորստի ներկայացնելու համար։ Նոր պորտալը պարզապես փոփոխված դիզայն չէ, այն ֆանտաստիկ հնարավորություն է ընձեռում ապագայում խիստ դինամիկ արտապատկերում եւ 4K որակի տեսաշար ստանալու համար։ Նոր տեխնոլոգիայով գրված պորտալն ընդլայնում է նաեւ ծրագրավորողների գործունեության դաշտը՝ հարթակ դառնալով այլ նորարարական լուծումների, հավելվածների եւ գործառույթների ավելացման համար»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Բարելավվել է համակարգի ընդհանուր որոնման գործառույթը, եւ հիմա որոնման արդյունքները ցուցադրվում են մեկ ընդհանուր էջում՝ առանձին երեւացող համապատասխան ենթաէջերով (Տեսավարձույթ, Ալիքներ, Հաղորդումներ եւ այլն):