09:57 | 03.04.19 | Նորություններ | 8176

Վարչապետն ընդունել է «ՄՏՍ» խմբի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին ընդունել է ռուսաստանյան «ՄՏՍ» խմբի նախագահ Ալեքսեյ Կոռնյային եւ փոխնախագահ Անդրեյ Սմելկովին: Հանդիպմանը ներկա էր նաեւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վարչապետը կարեւորել է «ՄՏՍ»-ի կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը եւ նորարարական տեխնոլոգիաների տարածմանը: Նա նշել է, որ կառավարությունն առաջնահերթություն է համարում թվային ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացումը՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակը ներդրումային դաշտի թափանցիկության բարձրացումն է եւ բիզնես-կառավարություն համագործակցության նոր մշակույթի ներդրումը:

Ալեքսեյ Կոռնյան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կառավարության բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվելու համար եւ գոհունակություն հայտնել Հայաստանում իր գլխավորած ընկերության ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ փոխգործակցության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ «ՄՏՍ»-ը, հաշվի առնելով հայաստանյան շուկայի առավելությունները ՏՏ ոլորտում, մտադիր է ընդլայնել Հայաստանում գործունեության շրջանակը եւ նոր ծրագրեր իրականացնել նաեւ թվային շուկայի զարգացման, ծրագրային ապահովման, սպասարկման ոլորտներում: Ալեքսեյ Կոռնյան նշել է, որ «ՄՏՍ» խումբը կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանում՝ իր նպաստը բերելով ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է «ՄՏՍ»-ի՝ ներդրումների ծավալն ավելացնելու մտադրությունը եւ վերահաստատել կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հեռահաղորդակցության շուկայի զարգացման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավման, կորպորատիվ պատասխանատվության շրջանակում եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: