11:47 | 02.04.19 | Նորություններ | 2041

Մեկնարկում է Հայաստանի թվային օրակարգի մշակման գործընթացը

Երեւանում կայացել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն եւ տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով ազդարարվել է ՀՀ թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը:

Աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ Համաշխարհային բանկի թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ, նպատակ ուներ ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը եւ առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը նշել է, որ Հայաստանում արդեն իսկ իրականացված են մեծածավալ աշխատանքներ՝ է-կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում: Նա համոզմունք է հայտնել, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի եւ կմասնակցեն ազգային թվային օրակարգի մշակմանը:

ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովն իր հերթին կարեւորել է թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի եւ ՀՀ կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու ՀՀ կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին: