11:09 | 01.04.19 | Նորություններ | 5099

IBM-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությունն այսօր քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական եւ թվային տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման հարցում:

Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի բարձրորակ գիտական ու կրթական միջավայր, ինչպես նաեւ կարեւոր կամուրջ է արեւելքի ու արեւմուտքի միջեւ:

IBM ընկերության ներկայացուցիչ Իրիս Ջեբան էլ նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ են դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը: