14:48 | 29.03.19 | Նորություններ | 5557
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուի Հայաստան կատարած աշխատանքային այցից հետո ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը դաշինքի ղեկավարի հետ մեկնել է Մինսկ՝ մասնակցելու կառույցի տարեկան ժողովին։
Այցի առաջին օրը Բելառուսում Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Կարեն Եսայանի աջակցությամբ հանդիպումներ են կայացել Բելառուսի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ։
Թվային բիզնեսի կոնֆեդերացիայի (անդամակցում է 6 ՏՏ ասոցիացիա) նախագահ Վլադիմիր Բասկոյի հետ հանդիպմանը ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները, մասնակցության հայտ ներկայացրած երկրների ցանկը, խոսնակների հետ քննարկվող թեմաները եւ այլն։ Ալեքսանդր Եսայանի հետ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Business Angels» ցանցի նախագահ Վալերի Աստրինսկու հետ հանդիպմանը նույնպես քննարկվել են WCIT 2019-ին մասնակցության եւ երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բելառուսցի գործընկերներին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ին Երեւանում կայանալիք ՏՏ ոլորտի աշխարհի խոշորագույն միջոցառմանը։ Այցի երկրորդ օրը Ալեքսանդր Եսայանը ներկայացրել Երեւանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպման աշխատանքները, կառավարության աջակցությունը՝ միջոցառումը բարձր մակարդակով հյուրընկալելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը կկայանա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում: Դրան հրավիրված են մասնակցելու հանրային եւ մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից:
WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»: Համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները եւ այլն: