11:57 | 05.03.19 | Նորություններ | 5371

Հայաստանը եւ Բելգիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում

IMEC գիտահետազոտական կենտրոնը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման եւ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Այս մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել IMEC-ի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի շրջանակում:

IMEC-ը (Interuniversity Microelectronics Centre) միջազգային R&D եւ նորարարական կենտրոն է՝ մասնագիտացած նանոէլեկտրոնիկայի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Կենտրոնակայանը գտնվում է Բելգիայի Լյովեն քաղաքում: Կենտրոնն ունի շուրջ 2000 աշխատող եւ մասնաճյուղեր Նիդերլանդներում, Թայվանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում:

IMEC-ում իրականացվում են հետազոտություններ նոր սերնդի այնպիսի սարքերի ստեղծման ուղղությամբ, որոնք շուկա կարող են մտնել առաջիկա 10 տարիների ընթացքում: