12:06 | 25.02.19 | Հոդվածներ | exclusive 151362

FAST-ի հրեշտակներն առաջին ներդրումն են կատարել հայկական ստարտափում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ ստեղծված գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ցանցը (Science and Technology Angels Network - STAN) ստորագրել է ներդրումային առաջին պայմանագիրը հայկական ստարտափի հետ:

Ներդրում է ստացել Apaga նախաձեռնությունը, իսկ ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվար 22-ին FAST-ի գրասենյակում: Ներդրմանը մասնակցել է 9 «հրեշտակ»:

Apaga-ն կանաչ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում սպառողներին եւ մանրածախ վաճառք իրականացնողներին աղբը դրամի վերածել: Օգտատերերը կարող են պատվիրել պլաստիկ շշերի հավաքում հատուկ վարորդների միջոցով, դրա դիմաց ստանալով կտրոններ՝ ստարտափի հետ համագործակցող մանրածախ առեւտրի կետերից օգտվելու համար:

Ստարտափի համահիմնադիրներն են UWC դպրոցի շրջանավարտներ Միխայլ Զամսկոյը եւ Սեդրիկ Սոլմզը:

Apaga ստարտափի համահիմնադիրները Apaga ստարտափի համահիմնադիրները
photo © FAST

Itel.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ UWC-ում սովորելու տարիներին Հայաստանով մեկ ճանապարհորդելու ընթացքում տեսել են աղբի մեծ կույտեր:

«Հաճախ գնում էինք արշավներ, եւ սկզբում մտածում էինք, որ մեզանից առաջ այդտեղ ոչ ոք չի եղել, սակայն հետո տեսնում էինք պլաստիկ շշեր, տոպրակներ եւ այլ տիպի աղբ: Սա խնդիր էր, որը մեզ շատ էր մտահոգում, եւ որոշեցինք, որ ցանկանում ենք ստեղծել լուծում, որով շնորհակալություն կհայտնենք Հայաստանին այստեղ անցկացրած լավագույն պահերի համար»,- պատմել է Միխայլ Զամսկոյը:

Apaga-ն գործարկվել է 2018թ. մայիսին: Ուսումնասիրելով շուկան՝ թիմը հայտնաբերել է, որ արդեն գործում են թափոնների մշակմամբ զբաղվող ընկերություններ, որոնք թեեւ կարող են ավելի շատ թափոններ մշակել, սակայն դժվարանում են հավաքել աղբը:

Միխայլի խոսքով՝ ներկայում Apaga-ի ցանցում կա թափոնների մշակմամբ զբաղվող 8 ընկերություն, որոնց ստարտափը տրամադրում է հավաքված աղբը՝ այն վերամշակելու նպատակով:


Apaga-ի համահիմնադիրները նշում են, որ 2018թ. սեպտեմբերից լինելով FAST-ի առաջին շրջափուլի ստարտափների ցանկում, հիմնադրամից ստացել են մեծ աջակցություն:

Սեդրիկ Սոլմզի խոսքով՝ իրենց նպատակն է Հայաստանում թափոնների վերամշակման մշակույթի ներդրումը:

«Ուրախ ենք լինել առաջին ստարտափը, որտեղ FAST-ի ներդրողների ցանցը ներդրում է կատարում: Ներդրող հրեշտակները ցանկանում են միանալ նախագծին, աջակցել մեզ՝ ֆինանսապես, ներդնել ծրագրում իրենց ժամանակը, փորձը: Մենք շատ ոգեւորված ենք այդ առումով»,- նշել է Սեդրիկ Սոլմզը:

Ներդրումը կօգնի Apaga-ին ստեղծել մոբայլ հարթակ: Նաեւ կավելացվեն նոր գործառույթներ՝ ավելի հզոր կանաչ համայնք ունենալու նպատակով: Միջոցների մի մասն էլ թիմը կհատկացնի մարքեթինգին՝ Հայաստանում թափոնների վերամշակման մշակույթը զարգացնելու եւ մարդկանց կրթելու նպատակով:

photo © FAST

Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ ներդրում կատարելիս փորձում են գնահատել, թե ներկայացվող ստարտափի գաղափարը որքանով է համատեղելի FAST-ի գաղափարների հետ:

«Նաեւ հաշվի ենք առնում թիմի անդամների փորձը, եռանդը, հետաքրքրության աստիճանը: Գործընթացը ընթանում է մի քանի փուլով: Առաջին փուլում ուսումնասիրում ենք ընդհանուր գաղափարը եւ կարողությունները, իսկ երկրորդում անցնում ենք ավելի մանրամասն դիտարկմանը: Apaga-ն զարգացել է FAST-ի ինկուբատորում, անցել է ճանապարհ, եւ մի քանի փուլից հետո միայն ներդրման որոշում է կայացվել: Դա ճանապարհ է, որը ժամանակ է պահանջում»,- ընդգծել է Ռուբեն Հարությունյանը:

FAST-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի խոսքով՝ Apaga-ն ունի նորարարական միտք եւ ունիկալ բիզնես մոդել:

«Այն նաեւ սոցիալական լուրջ խնդիր է լուծում: Մոդելը նաեւ հնարավոր է մոնետիզացնել: Եվ եթե հաջողությամբ զարգանա, ապա ամենուր կարող է կիրառելի դառնալ»,- նշել է Ալավերդյանը:

FAST-ի աքսելերացիայի եւ ինկուբացիայի գծով փոխնախագահ Դավիդ Բեքեթը պատմել է, որ Apaga ստարտափի հետ ներդրմանը նախորդող նախապատրաստական աշխատանքները տեւել են շուրջ 3 ամիս: Նա հույս է հայտնել, որ հաջորդ ներդրումների ժամանակ այդ գործընթացը կկրճատվի՝ մինչեւ 1 ամիս:

«Մենք ցանկանում ենք հայկական ընկերություններում ներդրումներ կատարելու թրենդի սկիզբ դնել՝ ընկերություններ, որոնք գրանցված են եւ գործում են Հայաստանում, եւ ունեն ներդրումային պրոդուկտ, որը կարող է աշխատել հայաստանյան օրենսդրության պայմաններում»,- նշել է Դավիդ Բեքեթը:

Նարինե Դանեղյան