Fastmed-ի հիմնադիր Գրիգոր Կորկոտյանը
Fastmed-ի թիմը
11:58 | 15.02.19 | Հոդվածներ | exclusive 39882
Fastmed ստարտափի կողմից ստեղծված համանուն հավելվածը հնարավորություն է տալիս արագ գտնել անհրաժեշտ դեղորայքը մոտակա դեղատներում եւ այն առցանց ամրագրել:
Դեղատնային ծառայությունների ամբողջական հավելվածը հասանելի է Google Play-ում:
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր տնօրեն Գրիգոր Կորկոտյանը պատմել է, որ հավելվածի ներբեռնումների թիվն այս պահին հասնում է 2000-ի, ունեն շուրջ 800 ակտիվ օգտատեր:
Fastmed-ը հնարավորություն է տալիս որոնել դեղերը՝ անվան մուտքագրմամբ, ձայնային որոնմամբ, բարկոդերով: Հնարավոր է նաեւ մուտքագրել միայն դեղի ակտիվ նյութի անունը։ Սա, Գրիգոր Կորկոտյանի խոսքով, առավել հեշտացնում եւ հավանական է դարձնում անհրաժեշտ դեղը գտնելու գործընթացը, քանի որ տարբեր երկրներում միեւնույն դեղն արտադրվում է տարբեր անուններով, սակայն օգտագործված ակտիվ նյութը նույնն է։
Հավելվածի հնարավորությունների թվում են նաեւ դեղորայքի ամրագրումը դեղատանը, դեղագետից անվճար խորհրդատվության ստացումը չատի միջոցով, ինչպես նաեւ բժշկի ձեռագրով դեղատոմսի վերծանումը:
«Մարդիկ կարող են դեղատոմսը նկարել եւ ուղարկել մեզ, որից հետո կստանան թվայնացված դեղատոմսը՝ ակտիվ հղումներով։ Մեր դեղագետը նշումներ է կատարում դեղատոմսի վրա՝ օգտագործման տեւողության, հաճախականության վերաբերյալ։ Սեղմելով ակտիվ հղումների վրա՝ կարելի է տեղեկանալ տվյալ դեղի՝ դեղատանն առկայության, արժեքի եւ այլ հարցերի շուրջ»,- ընդգծել է Գրիգոր Կորկոտյանը:
Fastmed-ի թիմը
Առաջիկայում հավելվածում կավելանա նաեւ դեղերի առաքման հնարավորություն:
Fastmed-ի հիմնադրի խոսքով, դեղերի որոնման համար կան մի շարք կայքեր, սակայն այդ հարթակներում ոչ բոլոր դեղատներն են առկա, բացի այդ էլ՝ ուշ-ուշ են թարմացվում։
«Կան նաեւ հավելվածներ, որոնք կոնկրետ դեղատների են պատկանում ու ցուցադրում են միայն սեփական ապրանքները։ Մենք հղկեցինք մեր գաղափարը, ուսումնասիրեցինք միջազգային շուկայում նմանօրինակ նախադեպերը, գտանք մի քանի տարբերակներ, որոնք հարմարեցված չեն օգտագործողներին»,- պատմել է նա:
Գրիգոր Կորկոտյանի խոսքով, հավելվածը մեկ այլ խնդիր էլ է լուծում՝ հայկական դեղագործական շուկայում գործում են մի քանի խոշոր դեղատնային ցանցեր, որոնք իրացման ահռելի շուկա ունեն:
«Խոշոր ցանցային ընկերությունները հաճախ դուրս են մղում փոքրերին եւ առանձին դեղատների: Վերջինների համար դժվար է իրացման համար հարթակ ստեղծել, քանի որ դա մեծ ծախսեր է պահանջում: Fastmed-ը փոքր դեղագործական ձեռնարկություններին իրացման լրացուցիչ շուկա է տրամադրում, ինչպես նաեւ եղածը մեծացնում է՝ այդպիսով ընդլայնելով խոշորների հետ մրցակցելու հնարավորությունները»,- նշել է նա:
Fastmed-ի հիմնադիր Գրիգոր Կորկոտյանը
Հարթակ ստեղծելու գաղափարն առաջացել է երկու տարի առաջ, երբ բժիշկը Գրիգորի 7 ամսական դստեր համար դեղ է նշանակել։
«Սկսեցինք այն որոնել դեղատներում եւ ավելի քան 10 դեղատուն այցելելուց հետո չկարողացանք գտնել։ Շատ բարկացա, այդ մասին պատմեցի ընկերներիս ու ծանոթներիս եւ պարզեցի, որ նրանցից շատերը բախվել են այդ խնդրին: Այդ ժամանակ որոշեցինք թիմ հավաքել ու անվճար հավելված մշակել, որն արագ ու հարմար կլինի օգտագործման համար եւ դրա միջոցով հնարավոր կլինի անհրաժեշտ դեղամիջոցը գտնել մոտակա դեղատներում: Ըստ էության, գլխավոր նպատակը դարձավ հավելվածի միջոցով մարդկանց կյանքը հեշտացնելը»,- նշել է ստարտափի հիմնադիրը:
Fastmed-ի թիմն առաջիկա մեկ տարում պլանավորում է ամրապնդվել հայկական շուկայում, կատարելագործել հավելվածը, ընդլայնել շուկան ու թիմը: